Տարեցները չեն կարողանում խանութ իջնել, նրանց «պարանով են հաց ուղարկում»․ Երևանի շենքերից մեկում վերելակի խնդիրը չի լուծվում (տեսանյութ)

23:05 • 09.09.20

Նոր Նորքի 7-րդ զանգվածի 46-րդ շենքի բնակիչները բողոքում են, որ արդեն մեկ ամիս վերելակից օգտվել չեն կարողանում: Դա հատկապես մեծ անհարմարություններ է պատճառում շենքի տարեց բնակիչներին:

«Մենք դեռ ոչինչ, բայց շենքում հիվանդներ, միայնակ ապրողներ ու տարեցներ կան, որոնք չեն կարողանում իջնել խանութ ու իրենց համար հաց գնել: Ստիպված պարանը կապում են, իջեցնում ներքև, որ իրենց համար հաց առնեն, ու այդպես վերև բարձրացնեն»,- ասում է շենքի բնակիչներից մեկը:

Բնակիչների խոսքով՝ պատահաբար իմացել են, որ շենքի վերելակը պետք է փոխեն: Օգոստոսի 4-ից հին վերելակը հանել են, ու սկսել են նորի տեղադրման աշխատանքները: Նոր վերելակ ունենալու լուրը բնակիչներին նախ ոգևորել է: Բայց անհարմարություններն սկսվել են այն բանից հետո, երբ աշխատանքները որոշ ժամանակ կանգ են առել:

«Սկզբում եկան, բոլոր աշխատանքներն արեցին, շատ լավ աշխատում էին, առավոտյան շուտ գալիս էին, երեկոյան՝ ուշ, գնում: Հիմա դադար են տվել, չեն աշխատում: Անցած շաբաթ էլ չեն եկել»,- ասում է շենքի բնակիչ Գոհար Ղազարյանը:

Աշխատանքները դադարեցնելը, բնակիչների խոսքով, աշխատողներին չվճարելու հետևանք է: Խնդրին արձագանքել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Պարտավորությունները պատշաճ չեն կատարվել, ընկերությունը չի վճարվել: Հիմա ընկերությունը միջոցներ է գտել՝ իր աշխատակիցներին վճարելու և աշխատանքները շարունակելու համար՝ մինչև պայմանագրային պայմաններին համապատասխան շտկումներ կատարվեն և քաղաքապետարանը կարողանա կատարել վճարումները»,– գրել է Հակոբ Կարապետյանը՝ հավելելով, որ խնդիրը կլուծվի առաջիկա օրերի ընթացքում:

Բնակիչները հույսով սպասում են նոր վերելակի գործարկմանը:

Մանրամասները՝ տեսանյութում: