«ԱՄՆ նախագահի պաշտոնը երբևէ զբաղեցրած ամենավտանգավոր մարդն է»․ ՀԱՀ-ը Թրամփին դատապարտել է Մանդելայի հասեցին հնչեցրած վիրավորական արտահայտությունների համար

16:31 • 09.09.20

Հարավային Աֆրիկայի առաջատար քաղաքական կուսակցությունը դատապարտել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Հարավաֆրիկյան Հանրապետության առաջին սևամորթ նախագահ Նելսոն Մանդելայի հասեցին ենթադրաբար հնչեցրած արտահայտությունների համար, գրում է The Hill-ը։

«Աֆրիկյան ազգային կոնգրես»-ի կողմից հրապարակված հայտարարության մեջ Հարավային Աֆրիկայի գլխավոր քաղաքական կուսակցությունը Թրամփին անվանել է ԱՄՆ նախագահի պաշտոնը երբևէ զբաղեցրած «ամենավտանգավոր, կնատյաց և անհարգալից մարդը»։

«Աշխարհի բոլոր ազատասեր մարդիկ ցնցված են այն վիրավորական արտահայտություններից, որոնք հնչեցրել է մի մարդ, որը կոմպետենտ առաջնորդի օրինակ չէ»,- հայտարարել է կուսակցությունը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին փաստաբան, այժմ ազատազրկված Մայքլ Քոհենը երկրի առաջին դեմքի մասին սկանդալային բացահայտումներով գիրք է գրել, որը դեռևս չի հրատարակվել, սակայն դրա տեքստային տարբերակները հայտնվել են որոշ լրատվամիջոցների տրամադրության տակ:

Ըստ գրքի հեղինակի, Թրամփը հաճախ վիրավորանքներ է հնչեցրել Նելսոն Մանդելայի հասցեին՝ հայհոյելով նրան, ասելով որ նա «առաջնորդ չէ»։

«Մանդելան ամբողջ երկիրը կրակի մեջ գցեց։ Գրողը տանի նրան։ Նա առաջնորդ չի եղել», - Քոհենի խոսքով՝ ասել է Թրամփը։

Սպիտակ տունը հերքել է մեղադրանքները՝ դրանք անվանելով «դժգոհ նախկին աշխատակցի խոսքեր, որը ձգտում է մաքրել իր սեփական անունը»: