Ի՞նչ կարիք կա եվրոպական «գրին քարտի» գոտի մտնելու, եկեք մտնենք աֆրիկյան «սեռի քարտի» գոտի, միևնույն է, ոչ մի բեռնափոխադրում չունենք. Արթուր Դալլաքյանը՝ փոխնախարարին (տեսանյութ)

16:54 • 09.09.20

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկեց «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին հարցը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամվոր Արթուր Դալլաքյանը նշեց, որ իրենք
առաջարկել են ուղևորների պարտադիր ապահովագրության դեպքը, ինչի հետ նախարարությունը համակարծիք չէ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը նշեց, որ ուղևորների ապահովագրումը կարգավորվում է օրենքով և իրենք նպատակահարմար են գտնում «գրին քարտին» անդամակցելու հարցը:

Արթուր Դալլաքյանը ներկայացրեց, թե ինչ է իրենից ներկայացնում «գրին քարտ» ասվածը: «Այն իրենից ներկայացնում է եվրոպական ապահովագրման համակարգ, շատ լավ, հաճելի բան է, դրան նաև Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսը, Իրանը և Թուրքիան են միացել և այս տարածաշրջանում միայն մենք և Վրաստանը չենք միացել: Բայց հարցի երկրորդ կողմն այն է, որ մենք որևէ տեսակի ուղևորափոխադրում չունենք Եվրոպայի հետ»,- ասաց նա և կոչ արեց հայկական ապահովագրության տարբերակ ընտրել:

«Այսինքն՝ ի՞նչ կարիք կա «գրին քարտ»–ի գոտի մտնելու, եկեք մտնենք աֆրիկյան «սեռի քարտի» գոտի, ասիականը՝ «դեղին քարտի» գոտի, միևնույն է, ոչ մի բեռնափոխադրում չունենք»,-ասաց նա և նշեց, որ մյուս երկրները մտել են, քանի որ կանոնավոր փոխադրումներ ունեն:

Պատգամավորը տեղեկացրեց, որ 50 տեղանոց ուղևորատար տրանսպորտային միջոցը «գրին քարտով» ապահովագրելու արժեքը 1900 դոլար է մեկ տարվա համար:

Փոխնախարարը պարզաբանեց,  որ դրա պատճառներից մեկն այն է, որ ուղևորափոխադրումները, բեռնափոխադրումները եվրոպական պահանջներին որոշ դեպքերում չեն համապատասխանում և չեն կարողանում մուտք գործել տարածք:

Արթուր Դալլաքյանը խնդրեց տալ ինֆորմացիա, թե «գրին քարտ» գոտի ինչ ուղևորափոխադրումներ, բեռնափոխադրումներ կան հայկական պետհամարանիշով։ Փոխնախարարն ասաց, որ կանոնավոր փոխադրումներ ունենք Իրանի հետ, վեց  կազմակերպություն է իրականացնում: «Չունեք, ինչի՞ եք սուտ ասում, չի կարելի ինֆորմացիան սխալ ասել»,- արձագանքեց Արթուր Դալլաքյանը և նշեց, որ մոտ 30 տարի Հայաստանը չունի կանոնավոր ուղևորափոխադրումներ Իրանի հետ և կան միակողմանի սպասարկողներ, որն իրականացնում են իրանական տրանսպորտային միջոցները:

Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը միացավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի առաջարկին՝ մասամբ ընդունել նախագիծը՝ առանց ապահովագրության հարցը ներառելու։ Նախագիծն ընդունվեց այդ տեսքով։