Անհասկանալի է՝ առողջապահության նախարարությունը դրական եզրակացություն է տալիս, տեսչական մարմինների գրասենյակը դեմ է. Բ․ Թունյանը՝ վարչական իրավախախտումների մասին օրենքում փոփոխությունների վերաբերյալ
Այսօր ՀՀ Աժ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովը քննարկեց վարչական իրավախախտումների մասին օրենքում փոփոխություններ անելու որոշման նախագիծը, որը զեկուցեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը: Նա պարզաբանեց, որ նախագիծը վերաբերում էր նրան, որ դեղատներում կանաչ գույնի խաչը նույնականացվում էր որոշ հատվածներում լուսաֆորի կանաչ լույսի հետ: «Առաջարկում ենք սահմանել վերահսկողություն, որպեսզի դրանք համապատասխանեն լիցենզավրոման պահանջներին, մասնավորապես ըստ այդ պահանջների՝ պետք է չթարթեն և անջատվեն ոչ աշխատանքային ժամերին, տեղակայված լինեն ուղղահայաց պատին փակցված, սակայն մոնիտորինգը ցույց տվեց, որ կան իրավիճակներ, երբ տարբեր գույների խաչեր, ուղղահայաց չեն և խնդիրը այն էր, որ որևէ պետական մարմին վերահսկողություն չի իրականացնում»,-ասաց նա:
Այսպիսով առաջարկվում է վարչական պատասխանատվություն սահմանվի լիցենզիայի պահանջներին չենթարկվելու համար և երեք ամսյա ժամկետում մոնիտորինգ կանցկացնեն: «Խախտման դեպքում առաջին անգամ նախազգուշացվում է, այնուհետև եթե 30 օրյա ժամկետում չի շտկվում, տուգանվում է, և եթե նորից չեն ուղղում լիցենզիան կասեցվում է և եթե նորից չի ուղղվում, կարող է լիցենզիան դադարեցվի»,-ասաց Նիկոլայ Բաղդասարյանը և նշեց, որ տնտեսվարողները նշել են որ խնդիր չեն տեսնում այդ փոփոխության մեջ:
Տեսչական մարմինների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ Հերմինե Ասլանյանը նշեց, որ իրենք կարծիք են ներկայացրել, ըստ որի՝ գրասենյակը սկզբունքային դեմ է: «Կարծում ենք, որ այս փոփոխությամբ պարոն Բաղդասարյանի ներկայացրած հարցը չի կարգավորելու»,-ասաց նա և բանավեճ առաջացավ Նիկոլայ Բաղդասարյանի և տեսչական մարմինների համակարգման գրասենյակի ներկայացուցչի միջև:
Բանավեճին միջամտեց հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը և ասաց, որ անհասկանալի է, երբ առողջապահության նախարարությունը դրական երզակացություն է տալիս, իսկ տեսչական մարմինների գրասենյակը դեմ է: «Խնդրում եմ դիրքորոշումները ճշտել, որ մեզ համար հասկանալի լինի, թե ով է այս օրենքին կողմ, ով է դեմ, եթե դնենք քվեարկության, ես դեմ կքվեարկեմ, քանի որ չգիտեմ ինչ ենք անում, ինչի ենք անում»,-ասաց նա: Նիկոլայ Բաղդասարյան նշեց, որ չի հասկանում ինչ է ուզում տեսչական մարմինների գրասենյակը:
«Հիմա դուք իրավաբաններով չեք հասկանում իրար, մենք ոնց հասկանանք»,-արձագանքեց Բաբկեն Թունյանը: Այսպիսով նախագիծի քննարկումը հետաձգվեց:










