Լոս Անջելեսում կորոնավիրուսի պատճառով արգելել են քաղցրավենիք պահանջել Հելոուինի ժամանակ
ԱՄՆ Լոս Անջելես քաղաքի իշխանություններն արգելել են բնակիչներին քաղցրավենիք խնդրել Հելոուինի օրը նշվող և երեխաների կողմից սիրված «քսակդ կամ կյանքդ» ավանդական տոնակատարության ժամանակ:
Ինչպես հաղորդում է CNN-ը, իշխանությունները նման որոշում են կայացրել «Քովիդ-19»-ի շարունակվող համաճարակի պատճառով:
Ավանդույթի համաձայն՝ տարբեր կերպարների հանդերձանք կրող երեխաները թակում են հարևաների դռներն ու քաղցրավենիք պահանջում՝ փորձելով վախեցնել նրանց և ասելով «քսակդ կամ կյանքդ»:
Իշխանությունները կարծում են, որ նման միջոցառման ժամանակ դժվար կլինի պահպանել սոցիալական հեռավորության կանոնները: Բացի այդ, քաղաքի ղեկավարությունն արգելել է խնջույքներ կազմակերպել, որոնց ներկա կլինեն այլ մարդիկ ընտանիքի անդամներից բացի, անգամ եթե միջոցառումը բացօթյա լինի:










