«COVID-19-ից մահացածները բեռ էին շրջապատի համար»․ Մոլդովայի գլխավոր համաճարակաբանը հրաժարական է տվել սկանդալային հայտարարության համար
Մոլդովայում պահանջում են երկրի գլխավոր համաճարակաբան Նիկոլայ Ֆուրտունեի հրաժարականն այն բանից հետո, երբ նա հայտարարել է, թե կորոնավիրուսը խլել է այն մարդկանց կյանքերը, «որոնք այսպես, թե այնպես շրջապատի համար բեռ են եղել», գրում է korrespondent.net կայքը։
«Չեմ ուզում, որ քննադատեն ինձ կամ ցինիկ տպավորություն թողնեմ, սակայն ամբողջ աշխարհում COVID-19-ն այն մարդկանց կյանքերն է խլել, որոնք իրենց և շրջապատի համար բեռ են եղել։ Դրանք եղել են այն մարդիկ, որոնք պայքարել են քաղցկեղի, ծանր շաքարային դիաբետի, սիրտանոթային պաթոլոգիական հիվանդությունների դեմ։ Այդպես է եղել և՛ Ֆրանսիայում, և՛ Իտալիայում և՛, ցավոք սրտի, Մոլդովայում»,- հայտարարել է Ֆուրտունեն։
Իսկ հաջորդ առավոտյան երկրի Դեմոկրատական կուսակցությունը, առողջապահության նախկին նախարար Ալլա Նեմերենկոն և մյուս ընդդիմադիր գործիչները նրա հրաժարականն են պահանջել։
Ֆուրտունեն, իր հերթին, փորձել է փրկել իրավիճակը և հայտարարել է, թե իրեն սխալ են հասկացել, քանի որ այդ հիվանդները «բժշկական և ոչ թե սոցիալական առումով են բեռ»։ Այս արտահայտությունից հետո համաճարակաբանի հրաժարականն է պահանջել երկրի նախագահ Իգոր Դոդոնը։
Հայտնի է, որ այս պատճառներով էլ նախօրեին Ֆուրտունեն երկրի վարչապետի հրավիրած նիստի ժամանակ հայտարարել է հրաժարականի մասին։










