Բեռլինից հայտնել են, թե ինչի շնորհիվ է ողջ մնացել Ալեքսեյ Նավալնին
Գերմանիայի իշխանությունները կարծում են, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին ողջ է մնացել «երջանիկ պատահականությունների շղթայի»՝ նրան տեղափոխող ինքնաթիռի օդաչուների արագ արձագանքի և Օմսկի բժիշկների շնորհիվ: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին հայտնել է Die Zeit պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
Պարբերականը նշում է, որ Բունդեսվերի Դեղագործության և թունաբանության ինստիտուտի մասնագետները, որոնք ուսումնասիրել են Նավալնիի փորձաքննությունների արդյունքները, եկել են եզրակացության, որ նա «թունավորվել է «Նովիչոկ» քիմիական զենքի նոր տեսակով, որը մինչ այս անհայտ էր աշխարհին»:
Գերմանացի փորձագետների կարծիքով՝ այն ավելի մահացու է, քան այդ խմբի մյուս բոլոր տեսակի թույները: Այդ նյութի հետքերը հայտնաբերվել են «այն շշի վրա, որից նա խմել է»: Աղբյուրը նշում է, որ գերմանական կողմի եզրակացության համաձայն՝ «Նովիչոկի» այդ տեսակն ավելի դանդաղ է ազդում, քան մինչ այս պահը հայտնիները:
«Գերմանիայի կառավարությունն այլևս չի կասկածում այն հարցի շուրջ, թե ով է կանգնած հարձակման հետևում՝ ռուսական հետախուզությունը: Գերմանիայի իշխանությունները ենթադրում են, որ դա կարող է Անվտանգության դաշնային ծառայության գործակալ եղած լիներ: Բեռլինում ասում են, որ Նավալնին ողջ է մնացել միայն երջանիկ պատահականությունների շղթայի շնորհիվ, ինչպես օրինակ՝ օդաչուի արձագանքի, որն արտակարգ վայրէջք է կատարել, ինչպես նաև Օմսկի բժիշկների, որոնք միանգամից Նավալնիին ատրոպին են ներարկել»,- ասվում է պարբերականի հոդվածում:










