Ադրբեջանը 138 000 դոլար է վճարել ընդդիմադիր գործչին` որպես բարոյական վնասի փոխհատուցում

16:02 • 09.09.20

Ադրբեջանի կառավարությունն ընդդիմադիր REAL («Հանրապետական այլընտրանք) կուսակցության ղեկավար Իլգար Մամեդովին մեծ գումար է վճարել` որպես բարոյական վնասի փոխհատուցում: Ինչպես  հայտնում են տեղի լրատվամիջոցները, այդպիսով գործադիր իշխանության բարձրագույն մարմինը կատարել է Ադրբեջանի գերագույն դատարանի պլենումի որոշումը, գրում է eadaily.com կայքը:

Մամեդովը ստացել է 234 000 մանաթ  (շուրջ 138 000 դոլար) փոխհատուցում:

Ընդդիմադիր քաղաքական գործիչը մեղադրվել էր 2013 թվականի հունվարի 24-ին Իսմայիլիում անկարգություններ կազմակերպելու համար: Շեքիի ծանր հանցագործությունների դատարանի որոշմամբ՝ նա ազատազրկվել է 7 տարի ժամկետով: Շեքիի վերաքննիչ դատարանի 2018 թվականի օգոստոսի 13-ի որոշմամբ՝ Մամեդովն ազատ է արձակվել:

Ավելի ուշ, Մամեդովը վճռաբեկ բողոքով դիմել է հանրապետության Գերագույն դատարան ՝ խնդրելով արդարացնող որոշում կայացնել: Այս տարվա ապրիլի 23-ին Գերագույն դատարանի քրեական կոլեգիան բեկանել է Շեքիի ծանր հանցագործությունների դատարանի և Շեքիի վերաքննիչ դատարանի որոշումները: Մամեդովի դեմ քրեական գործը դադարեցվել է արդարացման հիմքերով:

Բացի այդ, բարձրագույն դատարանի որոշմամբ՝ «Հանրապետական այլընտրանքի» նախագահն ապօրինի ձերբակալման ժամանակահատվածում բարոյական վնասի համար 234 000 մանաթի չափով փոխհատուցում է ստացել: