AstraZeneca-ի հակակորոնավիրուսային պատվաստանյութի փորձարկումներն աշխարհով մեկ դադարեցվել են կամավորներից մեկի մոտ բարդությունների ի հայտ գալու ֆոնին
Բրիտանացի գիտնականները և AstraZeneca դեղագործական ընկերության ներկայացուցիչները, որոնք մշակել են AZD1222 հակակորոնավիրուսային պատվաստանյութը, հայտարարել են, որ դրա կլինիկական փորձարկումները դադարեցվել են ոչ միայն ԱՄՆ-ում, այլև ՀԱՀ-ում, Բրազիլիայում և Մեծ Բրիտանիայում: Պատճառը եղել է կամավորներից մեկի մոտ առաջացած բարդությունները։ Այս մասին գրում է Nature կայքը։
«Օքսֆորդի համալսարանի ներկայացուցիչները հաստատել են, որ ԱՄՆ-ում, Բրազիլիայում, ՀԱՀ -ում և Մեծ Բրիտանիայում պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երրորդ փուլին մասնակցելու համար կամավորների հավաքագրումը ժամանակավորապես կդադարեցվի»,- գրում Է Nature-ը:
Ավելի վաղ ամերիկյան STAT գիտական կայքը հաղորդել էր, որ ԱՄՆ-ում դադարեցրել են AZD1222 պատվաստանյութի կլինիկական փորձարկումները: Ընկերության ներկայացուցիչ Ռեբեկա Ռոբինսի խոսքով՝ պատճառը կլինիկական փորձարկումների երկրորդ կամ երրորդ փուլի մասնակիցներից մեկի մոտ լուրջ կողմնակի ազդեցություններն են եղել:
Առայժմ AstroZeneca-ի ներկայացուցիչները և բրիտանացի գիտնականները չեն հաղորդում՝ կոնկրետ ինչ է տեղի ունեցել կամավորի հետ և որքանով այդ պատահարը կազդի կլինիկական փորձարկումների հետագա ընթացքի վրա: New York Times-ի աղբյուրը պնդում է, որ խոսքը լայնակի միելիտի՝ ողնուղեղի սուր բորբոքման մասին է:
Գիտնականներն ընդգծել են, որ առայժմ չեն կարող այդ կողմնակի ազդեցությունները միանշանակ կապել հենց պատվաստանյութի հետ: Սակայն կլինիկական փորձարկումներ դադարեցվել են՝ անկախ հետաքննություն անցկացնելու նպատակով։










