Պահանջում ենք ազատ արձակել Բելառուսում ձերբակալված քաղհասարակության երեք ներկայացուցիչներին. մի շարք ՀԿ-ներ ակցիա իրականացրին ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան դիմաց
ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ՀՀ ազգային պլատֆորմը, մի շարք հասարակական կազմակերպություններ՝ պահանջելով ազատ արձակել սեպտեմբերի 7-9-ը Բելառուսում ձերբակալված քաղհասարակության երեք ներկայացուցիչներին:
«Մեր պահանջն այն է, որ Բելառուսի իշխանությունն անհապաղ ազատ արձակի իրենց հավաքների ազատությունն իրացնող քաղաքացիներին և հատկապես քաղհասարակության ֆորումի անդամ մեր գործընկերներին»,-հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը՝ նշելով, թե այս փուլում լուռ ակցիա են իրականացնում և կախված Բելառուսի իշխանության գործողություններից՝ այլ քայլեր կձեռնարկեն:
Հարցին՝ պաշտոնական Երևանից Բելառուսում տեղի ունեցող իրադարձությունների մասով համարժեք արձագանք լինո՞ւմ է, քաղաքացին արձագանքեց՝ ոչ. «Կուզենայինք, որ ավելի ուշադիր հետևեին»:
«Այստեղ քաղահասարակության ակտիվ կառույցների ներկայացուցիչներ են: Մենք բելառուս ժողովրդի կողքին ենք, և մեր հորդորն է իրենց՝ լինել կայուն, լինել ուժեղ և իմանալ, որ հայ ժողովուրդը և հատկապես քաղհասարակությունը իրենց ամեն կերպ սատարում են. նաև կախված է նրանից, թե իրենք ինչքանով ուժեղ և դիմացկուն կգտնվեն այս հարցում, որ իրենց սկսած հեղափոխությունը ևս ավարտին կարողանան հասցնել»,-ասաց ակցիայի մասնակիցը:
Նա նշեց, որ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի անդամ 6 պետությունների ազգային պլատֆորմները այս օրերին բողոքի ակցիաներ են կազմակերպում:
Հիշեցնենք, որ Բելառուսում նախագահական ընտրությունները կայացան օգոստոսի 9-ին, որից հետո Բելառուսի ԿԸՀ-ն հայտարարեց, թե հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Դրանից հետո Բելառուսում բողոքի ակցիաները չեն դադարում. ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցներն ամեն օր փողոց են դուրս գալիս՝ բողոքելով ընտրությունների արդյունքներից:










