Հունաստանում միգրացիոն ամենախոշոր ճամբարի այրվելուց հետո հազարավոր միգրանտների մասնակցությամբ անկարգություններ են սկսվել. ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել
Հունաստանի Լեսբոս կղզում սեպտեմբերի 9-ի երեկոյան անկարգություններ են տեղի ունեցել. Մորիայում տեղակայված ամենախոշոր ճամբարում բռնկված խոշոր հրդեհից հետո հազարավոր միգրանտներ փորձել են մուտք գործել Միտիլինի քաղաք և նավահանգիստ, սակայն ոստիկանության հատուկ ջոկատայիններն արցունքաբեր գազ են կիրառել, հաղորդում է РИА Новости-ն:
Միգրանտների ամենախոշոր ճամբարը, որտեղ մոտ 13 հազար մարդ է գնտվում, այրվել է, ամենայն հավանականությամբ՝ հրկիզման հետևանքով: Հրդեհը բռնկվել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել ճամբարում կորոնավիրուսով վարակման 35 դեպքի մասին:
«Հատուկջոկատայինները փորձում են դիմադրել հազարավոր միգրանտներին, որոնք, թողնելով հրդեի հետևանքով իրենց չվնասված վրանները, փորձում են Միտիլինի քաղաք անցնել: Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել, միգրանտները ճանապարհը շրջապատող խոտածածկ տարածքներն են այրում, հրդեհներ են սկսվել»,- հաղորդել է Open հեռուստաալիքը:
Վաղը նախատեսվում է տվյալ շրջան ոստիկանական լրացուցիչ ուժեր տեղափոխել:










