Ընդդիմադիր պատգամավորները եկան, բա դուք ո՞ւր եք, ձեզ եմ ձայն տվել. վախկոտների նման փախչելով չի. Մանուել Մանուկյանը՝ իշխանական պատգամավորներին (տեսանյութ)

15:49 • 10.09.20

Եթե կա մի համարձակ պաշտոնյա, ղեկավար, որը ճշմարիտ է, հրավիրում ենք քննարկման, որ պատասխան տա մեր բոլոր հարցերին: Եթե չկա այդպիսի մեկը, մենք այլ բաներ ենք արձանագրելու: Այս մասին Կառավարության դիմաց «Ոչ վարկային թալանին» նախաձեռնության անդամների բողոքի ակցիայի ընթացքում հայտարարեց Մանուել Մանուկյանը:

Նա նշեց՝ այնտեղ եկել են ընդդիմադիր պատգամավորներ, բայց որտե՞ղ են իշխանական պատգամավորները:

«Ու՞ր եք, ձեզ էլ ենք սպասում, եկեք, ձեզ ենք ամենաշատը սպասում, որովհետև ինքս ձեզ եմ ձայն տվել, եկեք՝ տեսնեմ՝ ուր եք փախել: Եկեք պատասխան տվեք, ասում եք՝ լավ է լինելու, բա ու՞ր եք, վախկոտների նման փախչելով չէ: Պարո՛ն Փաշինյան, սպասում ենք Ձեզ, չեք կարողանալու այս շենքից գնալ, Ձեր տուն ենք գալու, գիշեր-ցերեկ վանկարկելու ենք, նստելու ենք Ձեր դարպասների մոտ: Այնքան ենք անելու, որ հասկանաք՝ մեր կամքը ամուր է քարից էլ»,-ասաց նա:

Ակցիայի մեկ այլ մասնակից ընդգծեց՝ ԿԲ նախագահ Մարտին Գալստյաննն է իրենց ուղղորդել դեպի Կառավարություն ու ԱԺ, մինչդեռ վերջիններս խնդրին լուծում չեն տալիս. «Նիկոլ Փաշինյանն իմ վարչապետը չէ, դա իմ սեփական կարծիքն է»,-հավելեց նա:

Հիշեցնենք, որ ակցիայի մասնակիցները պահանջում են մեկ տարի վարկային արձակուրդ՝ նշելով, թե կորոնավիրուս ընթացքում ՀՀ-ն նաև գումարներ է ստացել արտերկրից, ինչը հնարավորություն կտա արձակուրդ տալ: Մինչ այս ակցիան՝ քաղաքացիները 13 օր նստացույց են իրականացրել Կենտրոնական բանկի մոտ:

Մանրամասները՝ տեսանյութում: