Գերմանիան Ալեքսեյ Նավալնու բժշկական հետազոտությունների արդյունքները ռուսական կողմին տրամադրել չի ցանկանում

02:24 • 10.09.20

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնուց Բեռլինում վերցված հետազոտությունների արդյունքները փոխանցվել են Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը, Интерфакс-ի փոխանցմամբ՝ հաղորդել է DPA գործակալությունը՝ հղում անելով Գերմանիայի պաշտպանության նախարարությանը:

Գերմանիայի դաշնային կառավարության ներկայացուցիչ Մարտինա Ֆիցը հայտարարել է, որ Բեռլինը հիմքեր չի տեսնում հետազոտությունների արդյունքները Մոսկվային տրամադրելու համար ու կոչ արել ռուսական կողմին միջադեպի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել:

Ռուսաստանն անդամակցում է Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը:

Հիշեցնենք, որ Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր օգոստոսի 20-ին Տոմսկից Մոսկվա թռչելիս: Նրան տեղափոխող ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկ քաղաքում, ուր նրան հոսպիտալացրել են շտապ օգնության թիվ մեկ հիվանդանոց: Հիվանդանոցի մասնագետները Նավալնիի օրգանիզմում թույնի հետքեր չէին հայտնաբերել: Ըստ նրանց՝ հետազոտությունները միայն ալկոհոլի և կոֆեինի հետքեր են ցույց տվել: Հայտնի է, որ չվերթից առաջ Նավալնին թեյ է ըմպել օդանավակայանի սրճարանում:  

Օգոստոսի 22-ին Նավալնիին ինքնաթիռով տեղափոխել են Բեռլինի Charite հիվանդանոց, որի մասնագետներն ավելի ուշ հայտարարել էին վերջինիս թունավորման մասին, իսկ Գերմանիայի զինված ուժերի մասնագետները մաշկի, արյան և մեզի նմուշների մեջ «Նովիչոկ» խմբին պատկանող թունավոր նյութի հետքեր էին հայտնաբերել: