ԱՄՆ-ը առավելագույն ջանքեր կգործադրի՝ պարզելու համար, թե ով է մեղավոր Նավալնու հետ կապված իրավիճակի համար. Պոմպեո
Միացյալ Նահանգները պատրաստ է առավելագույն ջանքեր գործադրել Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակի մեղավորներին պարզելու համար, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:
«ԵՄ-ը, եվրոպական որոշ երկրներ և ԱՄՆ-ը ռուսական կողմին հստակ հասկացնել տվեցին, որ մենք ակնկալում ենք մեղավորների պատասխանատվության ենթարկվելը: Մենք նաև առավելագույն ջանքեր կգործադրենք՝ պարզելու համար, թե, ի վերջո, ով է մեղավոր այդ հարցում»,- ասել է Պոմպեոն:
Հիշեցնենք, որ Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր օգոստոսի 20-ին Տոմսկից Մոսկվա թռչելիս: Նրան տեղափոխող ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկ քաղաքում, ուր նրան հոսպիտալացրել են շտապ օգնության թիվ մեկ հիվանդանոց: Հիվանդանոցի մասնագետները Նավալնիի օրգանիզմում թույնի հետքեր չէին հայտնաբերել: Ըստ նրանց՝ հետազոտությունները միայն ալկոհոլի և կոֆեինի հետքեր են ցույց տվել: Հայտնի է, որ չվերթից առաջ Նավալնին թեյ է ըմպել օդանավակայանի սրճարանում:
Օգոստոսի 22-ին Նավալնիին ինքնաթիռով տեղափոխել են Բեռլինի Charite հիվանդանոց, որի մասնագետներն ավելի ուշ հայտարարել էին վերջինիս թունավորման մասին, իսկ Գերմանիայի զինված ուժերի մասնագետները մաշկի, արյան և մեզի նմուշների մեջ «Նովիչոկ» խմբին պատկանող թունավոր նյութի հետքեր էին հայտնաբերել:
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Ռուսաստանը պարտաստ է բազմակողմանիորեն համագորխակցել Գերմանիայի հետ այս հարցում՝ նշելով, որ մինչև Նավալնու Բեռլին տեղափոխվելը նրա օրգանիզմում թունավորման հետքեր չեն հայտնաբերվել:










