«Դա կարող էր բխել ռուս բարձրաստիճան պաշտոնյաների շահերից». Պոմպեոն՝ Նավալնիի թունավորման մասին

15:38 • 10.09.20

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, ամերիկացի լրագրող Բեն Շապիրոյին տված հարցազրույցում մեկնաբանելով ռուս ընդդիմադր գործիչ Ալեքսեյ Նավալնիի թունավորումը, հայտարարել է, որ «ռուս բարձրաստիճան պաշտոնյաները» հնարավոր է՝ իրենց մասնակցությունն են ունեցել այդ միջադեպին, գրում է The Guardian-ը։

«Զգալի հավանականություն կա, որ դա իսկապես բխում էր ռուս բարձրաստիճան պաշտոնյաների շահերից, և ես կարծում եմ՝ դա լավ չէ ռուս ժողովրդի համար»,- հայտարարել է Պոպեոն։

Պոմպեոն ընդգծել է, որ ԱՄՆ-ն և մի շարք եվրոպական պետություններ Մոսկվային հասկացրել են, որ  համակարգված գործողություններ են ակնկալում մեղավորներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու հարցում:

«Մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի բացահայտենք՝ ով է կրում այդ ամենի պատասխանատվությունը»,- հավելել է նա։

Հիշեցնենք, որ Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր օգոստոսի 20-ին Տոմսկից Մոսկվա թռչելիս: Նրան տեղափոխող ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկ քաղաքում, ուր նրան հոսպիտալացրել են շտապ օգնության թիվ մեկ հիվանդանոց: Հիվանդանոցի մասնագետները Նավալնիի օրգանիզմում թույնի հետքեր չէին հայտնաբերել: Ըստ նրանց՝ հետազոտությունները միայն ալկոհոլի և կոֆեինի հետքեր են ցույց տվել: Հայտնի է, որ չվերթից առաջ Նավալնին թեյ է ըմպել օդանավակայանի սրճարանում:

Օգոստոսի 22-ին Նավալնիին ինքնաթիռով տեղափոխել են Բեռլինի Charite հիվանդանոց, որի մասնագետներն ավելի ուշ հայտարարել էին վերջինիս թունավորման մասին, իսկ Գերմանիայի զինված ուժերի մասնագետները մաշկի, արյան և մեզի նմուշների մեջ «Նովիչոկ» խմբին պատկանող թունավոր նյութի հետքեր էին հայտնաբերել: