«Համագործակցում են չինացի զինվորականների հետ». ԱՄՆ-ն չեղարկել է ավելի քան 1000 չինացի ուսանողի այցագրի տրամադրումը

13:40 • 10.09.20

ԱՄՆ-ն լրտեսության մեղադրանքների ֆոնին չեղյալ է հայտարարել է ավելի քան 1000 չինացի ուսանողի և գիտական ոլորտի աշխատակիցներին տրամադրված այցագրերը՝ հայտարարելով, որ «նրանք կապեր ունեն չինացի զինվորականների հետ», գրում է The Guardian-ը։

«Չինաստանն ուսանողական այցագրերն օգտագործում է ամերիկյան ակադեմիան շահարկելու համար»,- հայտարարել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության քարտուղարի պաշտոնակատար Չադ Վոլֆը։

Նախօրեին այդ լուրը հաստատել է նաև Պետդեպարտամենտը։ Գերատեսչոթյան ներկայացուցիչը հրաժարվել է մանրամասներ հայտնել այցագրերի չեղարկման մասին, սակայն նշել է, որ «խմբում ներառվել են բարձր ռիսկային ուսանողներ և գիտական ոլորտի աշխատակիցներ»։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն կշարունակի ջերմորեն ընդունել Չինաստանից այն ուսանողներին և գիտնականներին, «ովքեր չեն աջակցում Չինաստանի Կոմունիստական կուսակցության ռազմական գերիշխանության նպատակներին»:

Անցյալ ամիս ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ «ԱՄՆ-ում սովորող ոչ բոլոր ուսանողներն են աշխատում Չինաստանի Կոմունիստական կուսակցության անունից կամ ցուցումով, բայց ԱՄՆ նախագահ Թրամփը այդ հարցին լրջորեն է մոտենում»։