Ուկրաինայում տղամարդը կրակել է իր որսորդական հրացանից և վիրավորել հարևան գյուղում բնակվող կնոջը
Ուկրաինայի Կիևի մարզի իրավապահները հայտնաբերել են մարդուն, որի որսորդական հրացանը ծանր վիրավորում է հասցրել հարևան գյուղում բնակվող կնոջը:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը՝ վկայակոչելով ոստիկանական հաղորդագրությունը, Կիևի բնակիչը ժամանել է Օբուխովսկի շրջան իր զենքը վաճառելու համար: Մինչ վերջինս զենքն էր ցուցադրում ընկերներին, պատահական կրակոց է արձակվել:
Մոտ մեկուկես կմ թռչելով՝ գնդակը հարվածել է կնոջը, որը նստած է եղել իր տան բակում՝ երեխային գրկած: Սակայն այդ մասին կրակողն իմացել է ոստիկաններից:
Միջադեպը տեղի է ունեցել օրեր առաջ: Այն ժամանակ ոստիկանություն դիմում է ներկայացրել Բեզրադիչի գյուղի բնակչուհին՝ հայտնելով, որ իր քրոջը կրակել են և վիրավորել անհայտ զենքից: 31-ամյա կնոջը տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ախտորոշել են հրազենային վնասվածք կրծքավանդակի հատվածում:
Կրակոցի հեղինակին պարզելու համար օպերատիվ խումբը ստուգումներ է իրականացրել 2 կմ տրամագծով տեղանքում՝ հարցուփորձ անելով բնակիչներին և հյուրերին:
Իրավախախտին ոստիկանական բաժանմունք են տարել՝ կատարվածի հանգամանքները պարզելու համար: Վերջինս ընդունել է մեղքն ու ցուցմունք տվել:










