Մեր երեխաները ո՛չ դպրոցներում, ո՛չ էլ որևէ այլ տեղ արտոնյալ չեն, այնպես որ, մենք կգնանք այս ճանապարհով. վարչապետը՝ դպրոցներում դիմակ դնելու մասին (տեսանյութ)
Վարչապետն ասաց, թե մոնիթորինգի արդյունքում վերջին քսան օրում ամենօրյա ռեժիմով ունենում ենք կորոնավիրուսի երկու հարյուրից պակաս նոր դեպքեր, ինչը բարելավում է, բայց բարելավման մեկ այլ ցուցանիշ էլ ունենք, ակտիվ դեպքերի թիվը էականորեն նվազել է, ու մենք այս պահի դրությամբ 3000-ից պակաս ակտիվ դեպք ունենք: Այս մասին կառավարության հերթական նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի հետ կապված վիճակին:
Վարչապետը նկատեց, որ ամեն օրվա կտրվածքով թեստերի թիվն աննախադեպ բարձր է, և մեծ է հայտնաբերելիության աստիճանը, նաև նշեց, որ հինգ, վեց, յոթ, ութ տոկոսի շրջանակում ենք, ինչը միջազգայնորեն համարվում է հայտնաբերման բարձր ցուցանիշ:
«Հայաստանը շարունակվում է բարելավման վիճակում գտնվել: Դինամիկան խախտելու առաջիկա ամենամեծ ռիսկը դպրոցների բացումն է, ու այս առումով կայացվել են որոշումներ, որոնք միանշանակ չեն ընդունվում հանրության կողմից, պատճառն այն է, թե կա պահանջ, որ դպրոցում երեխաները պետք է դիմակ դնեն: Ես ուզում եմ արձանագրել, որ մենք պարտադրված ենք անել նման քայլեր, որ թույլ չտանք վերադառնալ համաճարակային նոր ճգնաժամի, ու կան մեկնաբանություններ, որոնք ուղղակի զարմացնում են: Ես ուզում եմ ասել, որ բոլոր հակահամաճարակային միջոցները, որոշումները, որ ընդունում ենք, մենք ինքներս ենք կիրառում ու պահպանում, մի բան էլ դեռ ավելի: Այն որոշումները, որոնք կայացվում են, վերաբերում են ոչ միայն ուրիշներին, այլև մեր երեխաներին նույնպես, մեր երեխաները ոչ դպրոցներում, ոչ մանկապարտեզներում, ոչ էլ որևէ այլ տեղ արտոնյալ չեն, այնպես որ, մենք կգնանք այս ճանապարհով, բայց մոնիթորինգ կանենք իրավիճակը»,-ասաց ՀՀ վարչապետը:
Նա ասաց, թե մոնիթորինգի արդյունքում համապատասխան անհրաժեշտ որոշում կկայացնեն, որ երեխաները հնարավորինս օր առաջ լիաթոք շնչեն և նշեց, որ այս ամենը արվում է, որ չվերադառնանք խիստ սահմանափակումների:










