Ինձ թվում է՝ ՀՀ կառավարությունը չի բանակցում ՌԴ-ի հետ, եթե բանակցեր, էլ պատճառ չկա, որ սահմանները փակ մնան. ակցիայի մասնակից

11:54 • 10.09.20

Ինձ թվում է՝ ՀՀ կառավարությունը չի բանակցում ՌԴ-ի հետ. եթե բանակցեն, կարծում եմ՝ էլ պատճառ չկա, որ սահմանները փակ մնան. 6 ամսից ավել է՝ այսպես շարունակվում է: Այս մասին Կառավարության դիմաց ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիների բողոքի ակցիայի ընթացքում հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը:

Դիտարկմանը, թե օրերս կայացած ակցիայի ժամանակ իրենք հնարավորություն ունեցան զրուցել ՀՀ ԱԳ նախարարի հետ, սակայն վերջինս նշեց, որ հարցի լուծումը ՀՀ կառավարությունից կախված չէ, քանի որ ՌԴ-ն թույլ չի տալիս իր տարածք մուտք գործել, ակցիայի մասնակիցն արձագանքեց.

«Մենք հանդիպեցինք ԱԳ նախարարի հետ, բայց այն, որ ՌԴ-ն չի ընդունում, և մեր Կառավարությունից կախված չէ, պատասխան չէ. բանակցեք, թող ընդունի: Նախարարը դուրս եկավ հասարակ ժողովրդի մոտ, ասաց՝ այս ինչ խոհանոցային խոսակցություն է. նախարարի հետ չէր հանդիպում կամ այլ պետության նախարարի: Հասարակ ժողովուրդ է՝ հասարակ պահանջով»:

ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացին ընդգծեց՝ ՀՀ-ում կորոնովիրուսի թվերը բավականին իջել են, ինչը թույլ է տալիս նաև ՀՀ քաղաքացուն մուտք գործել ՌԴ. «Բազմաթիվ երկրներ կան, որ ելումուտ են անում, մենք ԵԱՏՄ անդամ ենք, ինչը տեղաշարժվելու առավելություն է տալիս, բայց պատկան մարմիններից մեզ հստակ պատասխան չեն տվել, մենք պահանջում ենք, որ բանակցեն և բացեն սահմանները»,- ասաց նա՝ նշելով, թե իրենք ուզում են օրինական ճանապարհով հասնել ՌԴ, որ հետագայում էլ այլ խնդիրներ չառաջանան.

«Խնդրում, հորդորում ենք, որ մեր Կառավարությունը, որ ընտրվել է ՀՀ հպարտ քաղաքացու շնորհիվ, մեր հարցին լուծում տա: Մենք ՀՀ հասարակ քաղաքացիներ ենք: Արտակարգ դրությունն ավարտվում է, կարանտինային պայմաններ են սկսվում. էլ ավելի վատ է լինելու մեզ համար, որովհետև չենք կարողանալու այսպիսի ակցիաներ կատարել, տուգանվելու ենք: Մարդիկ կարծես շատ գումար ունեին ապրուստի, հիմա էլ պետք է տանեն տուգանքներ մուծեն»,-ասաց նա:

Կառավարության դիմաց բողոքի ակցիա էր իրականացնում նաև մի այլ խումբ ՝ պահանջելով մեկ տարի վարկային արձակուրդ:

«Մենք տարբեր հանդիպումներ ենք ունեցել, բայց որևէ մեկը հարցին կոնկրետ լուծում չի տվել, և սլաքներն ուղղվել են Կառավարություն և ԱԺ»,-ասաց ակցիայի մասնակից Մանուել Մանուկյանը՝ ընդգծելով, թե խնդիրը հուզում է տասնյակ հազարավոր քաղաքացիների:

«Մենք այստեղից չենք գնալու այնքան ժամանակ, քանի դեռ Նիկոլ Փաշինյանին չենք տեսել, քանի որ սա ՀՀ բնակչության 80 տոկոսից ավելիին հուզող հարց է: Հարցն ապաքաղաքական է և բխում է հասարակ քաղաքացու շահերից, որն արհամարհելը, անտարբերության մատնելը մեր կողմից կդիտվի որպես արհամարհանք ժողովրդին ու ժողովրդին հուզող հարցին: Այս պայքարը չի դադարելու այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ քաղաքացին չի ստացել իր հասանելիք 1 տարի վարկային արձակուրդը»,-ասաց Մանուկյանը՝ նշելով, թե դա առաջին կետն է, որն այս պահին հրատապ, անխուսափելի է:

«Կորոնավիրուսով պայմանավորված՝ ՀՀ մեծ գումարներ են մտել, որոնք կարող են ծառայել ժողովրդին վարկային արձակուրդ տրամադրելու համար: Սա տասնյակ հազարավոր մարդկանց խնդիր է, որն անխուսափելիորեն պետք էլուծվի: Այստեղ մարդիկ են, որոնք պայքարել են հեղափոխության ընթացքում և այսօր էլ են պայքարելու իրենց  շահերի համար»,-ասաց ակցիայի մասնակիցը: