Լեսբոս կղզու ճամբարում տեղի ունեցած հրդեհից հետո հազարավոր փախստականներ երկու գիշեր փողոցում են անցկացրել
Հազարավոր փախստականներ երկորդ գիշերն անընդմեջ փողոցում են քնում Հունաստանի Լեսբոս կղզու ներգաղթյալների ճամբարում տեղի ունեցած ավերիչ հրդեհից հետո:
Ինչպես ներկայացնում է «Ալ-Ջազիրան», մոտ 13 000 փախստական գիշերն անցկացրել է ճանապարհի եզրին, սուպերմարկետների կայանատեղիներում և դաշտերում: Լեսբոս կղզում գտնվող «Մորիա» փախստականների ճամբարը խոշորագույններից մեկն էր Եվրոպայում: Այն միգրացիոն ճգնաժամի կենտրոնում է հայտնվել 2015-16 թվականներից:
Երեքշաբթի գիշեր տեղի ունեցած հրդեհի հետևանքով փախստականներին տարհանել են, սակայն չորեքշաբթի գիշերը երկրորդ հրդեհն է բռնկվել՝ ավերելով այն ամենը, ինչ կանգուն էր մնացել:
BBC News-ի փոխանցմամբ՝ Հունաստանի երեք նավ է ուղարկում՝ օգնելու տեղավորվել հազարավոր փախստականներին: Գերմանացի կանցլերը Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը համաձայնել են ԵՄ ծրագիր կազմել մոտ 400 անչափահաս ներգաղթյալներին Լեսբոս կղզուց տեղափոխելու համար: Նշվում է նաև, որ նույնքան երեխաներ և պատանիներ արդեն տեղափոխվել են Հունաստանի մայրցամաքային հատված, թեև պարզ չէ՝ խոսքը նույն երեխաների մասին է, թե ոչ:










