Պետությունը դեռևս չունի կրթության զարգացման պետական ծրագիր օրենք, մինչդեռ այն պետք է 5 տարին մեկ կազմվի. Անահիտ Բախշյան (տեսանյութ)
Պետությունը դեռևս չունի կրթության զարգացման պետական ծրագիր-օրենք, որը 5 տարին մեկ պետք է ունենա: Այս մասին հանրակրթական չափորոշիչների և առարկայական ծրագրերի վերաբերյալ «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախաձեռնած կոնֆերանս-քննարկմանը հայտարարեց կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը:
«Մենք երկու օրենք ենք ունեցել՝ 2001-2005 թթ․, 2011-2015թթ.: Օրենքի պահանջ է, որ պետությունը պետք է 5 տարին մեկ կրթության զարգացման պետական ծրագիր-օրենք ունենա, որն ԱԺ-ն հաստատի: Այսօր չունենք, և հայտնի չէ՝ երբ կունենանք»,-ասաց նա:
Բախշյանը նշեց, թե այս չափորոշիչների մեջ դրական է համարում շրջանավարտի ակնկալվող կարողունակություններն ու հանրակրթական հիմնական ծրագրի ուսումնառությամբ ակնկալվող վերարտադրումները, որոնք 8-ն են: Նա նկատեց, որ միջնակարգ կրթության դեպքում վերջնարդյունքը 48 կետով է սահմանված. «Հարց է առաջանում՝ կա՞ ուսումնասիրություն, վերլուծություն այն մասին, թե առաջարկվող ուսումնական առարկաներին տրված ժամաքանակը ֆինանսավորվելո՞ւ է առավելագույն ծավալով, ապահովվելու՞ են արդյոք ակնկալվող կարողունակություններն ու վերջնարդյունքները»,-նշեց նա:
Վերջինս անդրադարձավ նաև գնահատման թվանշանային՝ 1-10 բալային համակարգին: Բախշյանը նշեց՝ քանի որ մեր պետությունը որդեգրել է համընդհանուր ներառական կրթության քաղաքականություն, դրա իրականացման համար բացասական միավոր, գնահատականն անհամատեղելի է:
«Յուրաքանչյուր երեխայի, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կարողությունները բացասական գնահատելիս ընդհանրապես կփակես նրանց»,- նշեց նա՝ ընդգծելով, թե դա այն դրականն է, որ կա չափորոշիչներում:
«Ուղղակի պետք է խելամիտ անցողիկ շեմեր սահմանվեն միջին մասնագիտական և բուհական կրթության համար»,- հավելեց նա՝ ընդգծելով նաև, թե չափորոշիչում սահմանված մի քանի կետեր հակասում են միմյանց:
Մանրամասները՝ տեսանյութում:










