Եթե ճիշտ կիրառենք հանրակրթության պետական չափորոշիչը, շրջանավարտը կլինի մեր երազած պատասխանատու, հայրենասեր և միաժամանակ հայրենիքն ամբողջ աշխարհից չտարանջատող քաղաքացին. Արա Աթայան
Եթե մենք կարողանանք ճիշտ, համբերությամբ կիրառել հանրակրթության պետական չափորոշիչները, ճիշտ նախապատրաստել ուսուչիցներին, վերապատրաստել գործողներին և պատրաստել նոր սերունդներ, դա հնարավորություն կտա ունենալ մեր երազանքների դպրոցը. միգուցե 10-15 տարի հետո ամբողջությամբ կտեսնենք արդյունքները: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Արեգնազան» կրթահամալիրի ուսուցիչ, Երևանի պետական և Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանների դասախոս Արա Աթայանը՝ անդրադառնալով հանրակրթության պետական չափորոշչի առաջարկվող փոփոխություններին:
Նա կարևորեց պետական ու առարկայական չափորոշիչների տարբերակումը, քանի որ առաջինն օրենքի ուժ ունեցող փաստաթուղթ է, իսկ երկրորդն օրենքի ուժ չունի և ճկուն է փոփոխությունների համար:
«Պետական չափորոշիչն այն գլոբալ քաղաքականությունը կողմնորոշող փաստաթուղթն է, որն ունի օրենքի ուժ և հաստատում է այն կանոնները (գնահատման համակարգ, ուսումնական պլան, առարկայական չափորոշիչների ստեղծում և ընդհանուր վերջնարդյունքներ, որոնք ակնկալվում են շրջանավարտներից մարդու զարգացման և ձևավորման իմաստով), որոնց հիման վրա հետագայում գործում են դպրոցները: Այլ բան են առարկայական չափորոշիչները, որոնց մի մասը հաջողված է, մյուսը՝ ոչ այնքան, բայց դրանք մի մակարդակ ներքև են, և շատ ավել հեշտ է այդ չափորոշիչները վերամշակելն ու փոխելը»,-ընդգծեց նա:
Աթայանի դիտարկմամբ՝ հանրակրթության պետական չափորոշիչը շատ մեծ քայլ առաջ է, քանի որ դրանում կան շատ դրական փոփոխություններ. «Այն աննախադեպ երեխայակենտրոն, ուսուցչակենտրոն, դպրոցակենտրոն և հայրենակենտրոն փաստաթուղթ է, որը շատ մեծ ազատություններ է տալիս դպրոցին ու ուսուցչին, մյուս կողմից դրանից բխում են հեռավոր դրական հետևանքներ, որոնք տարիների ընթացքում զգացնել կտան»,-ասաց Աթայանը, ապա ներկայացրեց այն հիմնական դրական փոփոխությունները, որ նկատել է.
«Օրինակ՝ արվեստ-արհեստ բնագավառ է առաջացել, և այն տարածվել է մինչև 12-րդ դասարան, ինչը նշանակում է, որ մեր երեխաների համար ստեղծվում է ստեղծագործական ներուժի բացահայտման շատ մեծ հնարավարություն, ավելին՝ ստեղծվում է մեծ հնարավորություն սեփական ժողովրդի պատմական ու արդի մշակույթի հետ շատ խորը կապ ստեղծելու համար: Ներկայացված ծրագիրը միտված է հայ ու համաշխարհային մշակույթը կրողի ձևավորմանը»:
Ըստ Աթայանի՝ մյուս դրական կետերից է այն, որ գնահատման թվանշանային համակարգի մեջ բացասական միտումը փոխարինված է դրականով, չի լինելու բացասական թվանշան և հնարավոր չի լինելու աշակերտին պիտակավորել որպես «անհույս», «միջակ» և այլն:
«Թվանշանը դադարում է լինել տուգանք, պատիժ, այն դառնում է խրախուսանքի ավելի մեծ կամ ավելի փոքր աստիճան: Կարևոր է նաև այն, որ թվանշանը մինչև 5-րդ դասարանի կեսը վերանում է, ինչը խթան է լինելու, որ ուսուցիչն ավելի լավ ճանաչի աշակերտներին՝ չբնութագրելով պարզապես թվերով: Երբ դասամատյանում տարբեր աշակերտների անունների դիմաց կարդում ենք նույն թվերը, չենք կարող պատկերացնել տարբեր մարդկանց, բայց երբ կարդում ենք ուսուցչի ձեռքով գրված տարբեր բնութագրերը, արդեն ձևավորվում է անհատականացված մոտեցում: Սա անհատական մոտեցման կարևորագույն տարրերից մեկն է, որի մասին մենք երազել ենք տարիներ շարունակ»,-ասաց նա՝ ընդգծելով, թե սրա իրականացումը հեշտ չի լինելու:
Արա Աթայանի դիտարկմամբ՝ չափորոշիչներում կան նաև որոշ թերություններ, որոնցից մեկն այն է, որ համակարգչային գրագիտությունը դասավանդվելու է 2-րդ դասարանից: «Այստեղ ունենք թյուր պատրանք՝ մտածելով, թե որքան շուտ դասավանդենք, այդքան լավ արդյունք կլինի, բայց կարծում եմ՝ սա այդ դեպքը չէ: Մենք պետք է ձևավորենք որոշակի մտածողություն, երևակայություն, հետո նոր այդ հողի վրա 6-7-րդ դասարանից տանք համակարգչային գրագիտություն և այդ դեպքում ոլորտում կունենանք ոչ թե սպառողների, այլ ստեղծողների սերունդ»,-նշեց նա:
Երկրորդ թերությունը, ըստ Աթայանի, այն է, որ տարրական դպրոցում բնագիտական առարկաներին հատկացվող դասաժամերը մի փոքր ավելի շատ են, քան պետք է. «Նույն պատրանքը՝ թե որքան շուտ, այդքան՝ լավ, այստեղ էլ կունենա հակառակ ազդեցությունը»:
Երրորդ խնդիրն այն է, որ այլընտրանքային կամ մասնավոր դպրոցները մինչ օրս չեն ստացել երաշխիք երեխայի ֆինանսավորման համար, որը կարող էր տեղ գտնել չափորոշիչում, ինչը, Աթայանի խոսքով, ուշ թե շուտ պետք է լինի:
Մանկավարժն ընդգծեց՝ չափորոշիչն ընդամենը պայմաններ է ստեծում, որ խնդիրը ավելի բարենպաստ ձևով լուծվի կամ չլուծվի, իսկ այժմ, նրա խոսքով, պայմանները կան, բայց դրանք ինքնին երաշխիք չեն, և պետք են մեծ ճիգեր, ու ոչ միայն ֆինանսական, այլև՝ մարդկային ռեսուրսներ:
«Մանկավարժների պատրաստման, վերապատրաստման հարցը պետք է դառնա ազգային գերխնդիր: Եթե դա անենք, ապա շրջանավարտը կլինի այն ազատ, պատասխանատու, ինքնուրույն, հայրենասեր և միաժամանակ հայրենիքն ամբողջ աշխարհից չտարանջատող քաղաքացին, որի մասին մենք երազում ենք: Եթե դա ձախողվի, մենք կշարունակենք դոփել տեղում, չենք ունենա այն ստեղծագործական ներուժը, որը պետք է ունենայինք: Այսօրվա շրջանավարտի ամենամեծ խնդիրն այն չէ, որ ինքը վատ մարդ է, այլ այն, որ ինքը հոգնել է սովորել դպրոցում, դպրոցն ավարտում է՝ ուսման ցանկացած ֆորմատից ծայրահեղ հոգնած, ինչը նշանակում է, որ ինքը սկսում է դանդաղել զարգացման մեջ և կանգ առնել»,-ասաց Աթայանը:
Նրա խոսքով՝ նպատակը պետք է լինի, որ շրջանավարտները մի կողմից լինեն մարդիկ, որոնք բարձր իդեալներ ունեն, մյուս կողմից՝ գործնական մարդիկ, որոնք կարող են այդ իդեալները իրագործել կյանքում: «Սա մեր դպրոցը չի տալիս: Դպրոցն ավարտում են կա՛մ ցինիկներ, որոնք բավականին շուտ սկսել են դասերից փախչել և 1-2 գրքից ավել չեն կարդացել, բայց կարող են կյանքի հարցեր լուծել, կա՛մ կյանքից կտրված իդեալիստներ, որոնք ունակ չեն կյանքի որևէ հարց լուծել. վերջիններս շատ քիչ են ընդհանուր համաչափության մեջ, ինչը խնդիր է: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ երկու տվյալներն իրար հետ լինեն»,-ասաց Արա Աթայանը:










