Թրամփի «չսիրած» պարբերականի թղթակցին հեռացրել են նրա նախընտրական հանրահավաքից

16:36 • 11.09.20

Ամերիկյան New York Times պարբերականի լրագրողը հայտնել է, որ իրեն հեռացրել են նախագահ Դոնալդ Թրամփի՝ Միչիգան նահանգի Ֆրիլենդ շրջանում տեղի ունեցած նախնտրական հանրահավաքից, գրում է thehill.com կայքը։

Նշվում է, որ հավաքի մեկնարկի ժամանակ Քեթի Գրեյ անունով լրագրողը թվիթերյան գրառմամբ հայտնել է, որ միջոցառմանը ներկա հազարավոր մասնակիցների միայն 10 տոկոսն է դիմակ կրում, ավելի ուշ Air Force One օդանավի լուսանկարն է հրապարակել և նշել, որ հավաքն արդեն սկսվում է։

Սրան հաջորդել է ևս մի հրապարակում, որով Գրեյը տեղեկացրել է, որ իրեն դուրս են հրավիրել հանրահավաքի անցկացման վայրից։

«Թրամփի թիմը հետևել է իմ՝ Twitter-ում հրապարակած նկարներին և ինձ դուրս հանել սրահից»,- ևս մի գրառման մեջ նշել է Գրեյը։

Հայտնի է, որ դեպքի առնչությամբ Թրափի թիմը կամ պարբերականը դեռևս մեկնաբանություններ չեն տվել։ 

Նշենք, որ Թրամփի և New York Times-ի հարաբերությունները բավականին լարված են, ավելի վաղ նախագահը պարբերականը «ժողովրդի թշնամի» էր անվանել։