«Ամոթալի և նվաստացուցիչ ակտ»․ Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ-ի միջնորդությամբ Իսրայելի և Բահրեյնի միջև կնքված համաձայնագիրը

16:46 • 12.09.20

Իրանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Միացյալ Նահանգների միջնորդությամբ Իսրայելի և Բահրեյնի միջև կնքված համաձայնագիրը։ Ինչպես նշել են Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունում, Պաղեստինի ժողովուրդն ու ամբողջ աշխարհում մուսուլմանները «երբեք չեն համաձայնի» Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորմանը, Tehran Times թերթին հղումով գրում է eadaily.com-ը։

«Անկասկած, Պաղեստինի ճնշված ժողովուրդը, աշխարհի ազատ մահմեդականների հետ միասին, երբեք թույլ չի տա հարաբերությունների կարգավորում Իսրայելի բռնազավթիչ ռեժիմի հետ։ Այդ ամոթալի ակտը ընդմիշտ կմնա Պաղեստինի և աշխարհի ազատ ազգերի ճնշված ժողովրդի հիշողության մեջ»,- ասված է Իրանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

Պաշտոնական Թեհրանը այդ գործարքը որակել է «ամոթալի և նվաստացուցիչ ակտ», որը «Պաղեստինի գործն ու պաղեստինցի ժողովրդի տառապանքները զոհաբերում է ԱՄՆ նախագահական ընտրությունների զոհասեղանին»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտնել էր, որ Բահրեյնի Թագավորությունն ու Իսրայելը համաձայնություն են ձեռք բերել դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ՝ որակելով այն որպես բեկումնային իրադարձություն:

«Պատմության մեջ ևս մեկ բեկումնային իրադարձություն: Մեր երկու մեծ բարեկամներ Իսրայելն ու Բահրեյնի Թագավորությունը պայմանավորվել են խաղաղ համաձայնության մասին՝ երկրորդ արաբական երկիրը, որը 30 օրում խաղաղության համաձայնագիր է կնքում Իսրայելի հետ»,- գրել է Twitter-ում գրել էր Թրամփը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսրայելն ու Արաբական Միացյալ Էմիրությունները ԱՄՆ-ի միջնորդությամբ համաձայնության են եկել հարաբերությունները կարգավորելու շուրջ: Իսրայելը, որպես արդյունք, ժամանակավորապես կկասեցնի Արևմտյան ափի զբաղեցրած խոշոր տարածքները միակցելու իր ծրագիրը: Մինչ այս պահը Իսրայելը դիվանագիտական հարաբերություն չէր հաստատել Պարսից ծոցի արաբական երկրներից որևէ մեկի հետ: