Հորդանանը պնդում է, որ ԱՄԷ-ի և Բահրեյնի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո Իսրայելը պետք է արմատապես փոխի իր քաղաքականությունը պաղեստինյան հարցում

04:53 • 12.09.20

Իսրայելը Բահրեյնի և Միացյալ Էմիրությունների հետ հարաբերությունները կարգավորելուց հետո պետք է արմատապես փոխի իր քաղաքականությունը, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Հորդանանի արտաքին գործերի նախարար Այման աս Սաֆադին:

«Այժմ Իսրայելի հերթն է դեպի խաղաղությունը կտրուկ քայլ կատարելու և պաղեստինյան տարածքների անօրինական օկուպացիան դադարեցնելու: Չնայած արաբական պետությունների հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուն, Իսրայելը դեռ շարունակում է օկուպացիան ու քայլեր կատարում, որոնք տապալում են խաղաղ գործընթացի հիմքերը»,- հայտարարել է Հորդանանի արտգործնախարարը:

Նա շեշտել է, որ պաղեստինյան հարցը արաբա-իսրայելական հակամարտության առանցքն է, և առանց պաղեստինցիների՝ Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով սեփական պետությունն ունենալու իրավունքի իրացման ու դրա միջոցով հակամարտության արդարացի կարգավորման Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատել հնարավոր չէ:

Հիշեցնենք, որ ժամեր առաջ ԱՄՆ նախագահը հայտնել էր, որ Բահրեյնի Թագավորությունն ու Իսրայելը համաձայնություն են ձեռք բերել դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ՝ որակելով այն որպես բեկումնային իրադարձություն:

Հաղորդվում է նաև, որ Բահրեյնը կմասնակցի Իսրայելի և ԱՄԷ-ի միջև համաձայնագրի ստորագրման արարողությանը, որը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսրայելն ու Արաբական Միացյալ Էմիրությունները ԱՄՆ-ի միջնորդությամբ համաձայնության են եկել հարաբերությունները կարգավորելու շուրջ: Իսրայելը, որպես արդյունք, ժամանակավորապես կկասեցնի Արևմտյան ափի զբաղեցրած խոշոր տարածքները միակցելու իր ծրագիրը: Մինչ այս պահը Իսրայելը դիվանագիտական հարաբերություն չէր հաստատել Պարսից ծոցի արաբական երկրներից որևէ մեկի հետ: