Արաբական երկրների և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորումը կարող է դրականորեն ազդել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վրա. Թրամփ

02:34 • 12.09.20

Արաբական երկրների և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորումը կարող է դրականորեն ազդել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վրա, Սպիտակ տանը Բահրեյնի և Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին հայտարարելու ժամանակ նման կանխատեսմամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Լավ նորությունն այն է, որ այժմ Մերձավոր Արևելքում ունենք շատ այլ արաբական երկրներ, որոնք ցանկանում են մաս դառնալ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման այս գործընթացին, որովհետև հոգնել են պատերազմելուց: Իսկ դա խաղաղություն է ենթադրում: Անգամ հզոր ռազմիկները հոգնում են պատերազմներից»,- ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Թրամփը:

Հիշեցնենք, որ ժամեր առաջ ԱՄՆ նախագահը հայտնել էր, որ Բահրեյնի Թագավորությունն ու Իսրայելը համաձայնություն են ձեռք բերել դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ՝ որակելով այն որպես բեկումնային իրադարձություն:

Հաղորդվում է նաև, որ Բահրեյնը կմասնակցի Իսրայելի և ԱՄԷ-ի միջև համաձայնագրի ստորագրման արարողությանը, որը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսրայելն ու Արաբական Միացյալ Էմիրությունները ԱՄՆ-ի միջնորդությամբ համաձայնության են եկել հարաբերությունները կարգավորելու շուրջ: Իսրայելը, որպես արդյունք, ժամանակավորապես կկասեցնի Արևմտյան ափի զբաղեցրած խոշոր տարածքները միակցելու իր ծրագիրը: Մինչ այս պահը Իսրայելը դիվանագիտական հարաբերություն չէր հաստատել Պարսից ծոցի արաբական երկրներից որևէ մեկի հետ: