Airbus-ը հայտնել է ջրածնային շարժիչով աշխատող ինքնաթիռների 3 կոնցեպտ ստեղծելու մասին
Ինքնաթիռաշինական Airbus ընկերությունը ջրածնային շարժիչներով աշխատող ինքնաթիռների երեք մոդելի կոնցեպտ է ստեղծել: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ընկերության գործադիր տնօրեն Գիյոմ Ֆորին:
«Ածխաթթու գազի զրոյական արտանետմամբ շարժիչների մշակումը պատմական փուլ է կոմերցիոն ավիացիայի ողջ հատվածի համար, և Airbus-ը մտադիր է առաջնային դեր խաղալ այս տեխնոլոգիական անցման փուլում, որն աննախադեպ է մեր արդյունաբերության համար»,- ընդգծել է Ֆորին:
Վերջինս վստահություն է հայտնել, որ իր ընկերությունը կդառնա նման մշակումների «առաջատարը»:
Ինքնաթիռների նոր ընտանիքը ստացել է ZEROe անվանումը՝ «զրոյական արտանետում» տերմինից:
Նախատեսվում է ինքնաթիռների երեք մոդել արտադրել: Առաջին տարբերակը տուրբո օդափոխիչ շարժիչով մոդելն է «դասական կառուցվածքով»: Այն կտեղավորի 120-200 ուղևորի:
Երկրորդ մոդելը տարածաշրջանային դասի ինքնաթիռ է տուրբոպտուտակային համակարգով: Այս օդանավը կտեղավորի մինչև 100 ուղևորի:
Երրորդ կոնցեպտը «թռչող թև» դասի ինքնաթիռ է, որը մինչև 200 ուղևորի կտեղավորի և կկարողանա ավելի քան 3500 կմ անցնել:










