ՆԱՍԱ-ն ծրագրում է 2024 թվականին առաջին կնոջն ուղարկել Լուսին
ՆԱՍԱ-ն պաշտոնապես ներկայացրել է իր 28 մլրդ դոլար արժողությամբ ծրագիրը 2024 թվականին կրկին Լուսին ոտք դնելու վերաբերյալ:
Ինչպես փոխանցում է BBC News-ը, «Արտեմիս» անվանումն ստացած ծրագրի շրջանակներում ՆԱՍԱ-ն մտադիր է մեկ կնոջ և մեկ տղամարդու ուղարկել Լուսին 1972-ից ի վեր առաջին անգամ: Սակայն նշվում է, որ տիեզերական գործակալության ժամկետները պայմանական են:
ԱՄՆ Կոնգրեսը 3,2 մլրդ դոլար է հատկացնելու վայրէջքի համակարգեր կառուցելու համար: Տիեզերագնացները կճանապարհորդեն «Ապոլոն» առաքելության ժամանակ կիրառված տիեզերանավի նման սարքավորմամբ, որն ստացել է Orion անվանումը:
Ծրագրի մասին հայտնել է ՆԱՍԱ-ի ղեկավար Ջիմ Բրայդենստայնը՝ նշելով, որ շատ կարևոր է Կոնգրեսից ստացվելիք դրամական աջակցութունն այն իրագործելու համար:










