«Ռուս զինվորականները ստուգում են Ադրբեջանի՝ Հայաստանի տարածքին հարվածելու մասին տեղեկությունը»․ Պեսկով
Ռուս զինվորականները ստուգում են Ադրբեջանի կողմից անմիջապես Հայաստանի տարածքին հարվածներ հասցնելու մասին տեղեկությունը, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ria.ru-ն։
«Մեր ռազմական գերատեսչությունը ստուգում է այդ տեղեկությունը, նրանք մշտական կապի մեջ են երկու կողմերի իրենց գործընկերների հետ։ Դուք գիտեք, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսային շփումներ է ունեցել երկու կողմերի իր գործընկերների հետ։ Այդ տեղեկությունը ստուգվում և վերլուծվում է», - լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Հարցին, թե այդ տեղեկությունների հաստատվելու դեպքում, արդյո՞ք ուժի մեջ կմտնեն ՀԱՊԿ-ի ինչ-որ մեխանիզմներ, Պեսկովը ընդգծել է, որ պետք է սպասել արդյունքներին։
Ավելի վաղ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ հոկտեմբերի 14-ին ադրբեջանական զինուժը թիրախավորել է Հայաստանի Հանրապետության տարածքում, Քարվաճառի հետ սահմանակից գոտում մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկա։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 14-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 19 ինքնաթիռ, 176 անօդաչու թռչող սարք, 521 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 5489 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 532 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 31 քաղաքացիական անձ, վիրավորվել է 106 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։










