Հերթական ՍՈւ-25 ինքնաթիռն ենք խոցել. ՀՀ ՀՕՊ զորքերի հրամանատարի տեղակալ (տեսանյութ)

15:26 • 15.10.20

Մամուլի ասուլից 10 րոպե առաջ ստացանք տեղեկություն, որ հակառակորդի հերթական ՍՈՒ-25 տեսակի ինքնաթիռ է խոցվել: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի հրամանատարի տեղակալ Գարիկ Մովսեսյանը:

Ներկայացնելով վերջին շրջանում Ադրբեջանի ռազմաքաղաքական ուժերի ղեկավարների կողմից հերքվող իրողությունը՝ Մովսեսյանը նշեց, որ առաջին հերթին ադրբեջանական կողմը հերքում է Թուրքիայի ռազմաօդային ուժերի, մասնավորապես՝ Ֆ-16-երի ներգրավվածությունը տեղի ունեցող մարտական գործողությունների ընթացքում:

«Ֆ-16-երը Ադրբեջանում էին հայտնվել դեռ հուլիս ամսից՝ թուրք-ադրբեջանական լայնամասշտաբ ռազմավարական զորավարժությունների նախապատրաստման ժամանակ և ինչպես զորավարժություների նախապատրաստման, այնպես էլ զորավարժությունների անցկացման ընթացքում նշված ինքնաթիռները ակտիվ գործողություններ են իրականացրել, ակտիվ ուսումնամարտական թռիչքներ են իրականացրել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պետական սահմանի ամբողջ երկայնքով՝ հիմնականում թիրախավորելով Գյանջա-Վարդենիս, Գյանջա-Մարտակերտ, Գյանջա-Քարվաճառ, Ստեփանակերտ և Հադրութ ուղղությունները: Զորավարժությունների ավարտից հետո նշված ինքնաթիռները Թուրքիայի Հանրապետության տարածք չեն վերադարձել, մնացել են տեղակայված Գյանջայի օդանավակայանում»,- ներկայացրեց նա:

Մովեսյանի խոսքով՝ արդեն սեպտեմբերի 23-ին Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերի հրամանատարությունն իրականացրել է Գյանջայի օդակայանում տեղակայված Ֆ-16 ինքնաթիռների, նրանց անձնակազմի և տեխնիկական կազմի հերթափոխ: Նա նաև նշեց, որ Ֆ-16-երի՝ Թուրքիայից Ադրբեջան թռիչքը տեղի է ունեցել Վրաստանի օդային տարածքով, վերատեղակայումը ևս տեղի է ունեցել Վրաստանի տարածքով:

«Ադրբեջանի Հանրապետության կողմից սեպտեմբերի 27-ին սանձազերծած լայնամասշտաբ հարձակողական գործողությունների սկզբից Թուրքիայի Ֆ-16 ինքնաթիռներն ակիվորեն ներգրավված են եղել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքների ռմբակոծման ու հրթիռակոծմանը»,- ասաց նա:

Գարիկ Մովսեսյանը մի շարք փաստեր ներկայացրեց այն մասին, որ հարվածներ են հասցվել Մարտակերտի բնակավայրերին: Անդրադառնալով Ադրբեջանի զինանոցում թուրքական և իսրայելական արտադրության ԱԹՍ-ների առկայության մասին լուրերին՝ Գագրի Մովսեսյանը նշեց, որ այդպիսիք կան և ակտիվ կիրառվում են այս օրերին: