Ժամանակն է, որ վերջ դրվի ԱՄՆ-ի կամ Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն. The National Interest
Ամերիկյան The National Interest քաղաքական-վերլուծական պարբերականում հրապարակված հոդվածում Ամերիկյան ձեռնարկությունների ինստիտուտի գիտաշխատող Մայքլ Ռուբինն անդրադարձել է Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցին և ընդգծել դրա անթույլատրելիությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության պարագայում:
«Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սկսած պատերազմի և քրիստոնեական եկեղեցիների ու համայնքների ռմբակոծման պարագայում թուրք-ադրբեջանական համագործակցությունը պետք է հարց առաջացնի՝ արդյո՞ք Ալիևը ենթարկվում է Էրդողանի աշխարհայացքին: Այնուամենայնիվ, Իսրայելը կորցնում է իր բարոյական իրավունքը խոսելու այն մասին, թե երկրները չպետք է զենք վաճառեն հավանական ցեղասպան ռեժիմներին այն ժամանակ, երբ հրեական երկիրը զենք է վաճառում քրիստոնյաներին կոտորող ռեժիմին»,- գրել է Ռուբինը:
Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևի ցանկությունը ենթարկվելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ցեղասպանական նպատակներին պետք է վերջ դնի ցանկացած հեռանկարի, որ Իսրայելը կարող է աջակցել Ադրբեջանին»,- նշել է Ռուբինը՝ ուշադրություն հրավիրելով նաև Ադրբեջանի կողմից թուրքամետ սիրիացի ահաբեկիչների օգտագործմանը:
Վերջինիս խոսքով՝ ժամանակն է, որ ամերիկյան-իսրայելական հարաբերությունների հարցով զբաղվող հանձնաժողովն ու այլ խմբեր վերանայեն գործող համաձայնագրերն, ու վերջ դրվի ԱՄՆ-ի կամ Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն:
«Միացյալ Նահանգները երբեք չպետք է աչք փակի Իսրայելի՝ Ամերիկայի հակառակորդներին զենք և տեխնոլոգիա վաճառելու փորձերին: Այժմ արդեն Ադրբեջանին և Թուրքիային զենք վաճառելով Իսրայելը վնաս է հասցնում Ամերիկայի ռազմավարական շահերին, ինչը չի կարելի է անտեսել»- գրել է գիտաշխատողը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հակառակորդն ունի ավելի քան 5839 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 604 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 32 քաղաքացիական անձ, վիրավորվել է 106 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։










