Խոցել եմ հակառակորդի 7 տեխնիկա, չեմ պատրաստվում դրանով սահմանափակվել, ապաքինվելուց հետո մեկնելու եմ մարտի դաշտ՝ ավելացնելու խոցումներս. Հարություն Դոխոյան (տեսանյութ)

22:34 • 16.10.20

Երբ ապաքինվեմ, վերադառնալու եմ մարտի դաշտ ու շարունակեմ իմ խոցումները. Միասնական տեղեկատվական հարթակում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ժամկետային զինծառայող Հարություն Դոխոյանը:

Հարություն Դոխոյանը վիրավոր է, նա խոցել է հակառակորդի 5 տանկ, 1 ՀՄՄ և 1 ՏՕՍ, հակատանկիստ է:

Իր խոսքը Հարությունն այսպես սկսեց. «Երբ մենք կանգած ենք սահմանին, մենք գիտենք, որ պետք է պահենք մեր հայրենիքը, մեր ժողովրդին, հայրենի քաղաքը, ընտանիքը, բայց ժողովուրդը փոխադարձ օգնում է մեզ, դա մի մեծ բան է: Երբ բացում ես ծանրոցը որտեղ ամեն մեկը ինչ-որ բան է ներդրել ու գտնում ես քո ուզածը, դա մի մեծ ուրախություն է պարգևում: Երբ գալիս է մեքենան, որտեղ տաք ծածկոցներ են, մենք ասում ենք՝ տղերք, էսօր մենք չմրսեցինք ու մեր հայ ժողովրդի օգնությունը, սահմանում տղերքի եղբայրությունը դա մի մեծ ուժ է, որը դու զգալով երբեք չես  վախենա թշնամուց ու առաջ կգնաս»:

Նա ընդգծեց. «Ես կռվի ժամանակ խոցել եմ 7 տեխնիկա ու չեմ պատրաստվում դրանով սահմանափակվել, ապաքինվելուց հետո ես միանգամից մեկնելու եմ մարտի դաշտ ու ավելացնելու եմ իմ խոցումները»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 16-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 21 ինքնաթիռ, 181 անօդաչու թռչող սարք, 552 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 5839 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 633 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 33 քաղաքացիական անձ, վիրավորվել է 106 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։