Առնվազն 2 կատաղի գրոհներից հետո հյուսիսային ուղղությամբ մեր զինուժին հաջողվել է հետ շպրտել հակառակորդին, որին չի հաջողվել գրավել ոչ մի դիրք․ Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)
Այսօր վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը և՛ հյուսիում, և՛ հարավում երկար հրետակոծությունից, հրետանային պատրաստությունից հետո, որի ընթացքում կիրառվում են նաև այլ օդային հարձակման միջոցներ, ԱԹՍ-ներ, հրթիռներ, օդուժ, անցել են լայնածավալ հարձակման: Այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրում կայացած մամուլի ասուլիսին ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա ընդգծեց՝ առնվազն երկու կատաղի գրոհներից հետո հյուսիսային ուղղությամբ մեր Զինված ուժերին հաջողվել է հետ շպրտել ադրեբջանական զինուժն, ահաբեկիչներին և այլ խմբավորումներին, որոնց չի հաջողվել գրավել ոչ մի բարձրունք, ոչ մի դիրք:
«Հարավային ուղղությամբ ամբողջ օրը շարունակվել են ծանր մարտերը. որոշ ուղղություններով մեր զորքերը կատարել են վերախմբավորումներ: Մինչև այս պահն ընթանում են դժվար ու ծանր մարտեր՝ հատկապես հարավային ուղղությամբ: Օրվա ընթացքում ադրբեջանական օդուժը կատարել է նաև որոշակի թռիչքներ, այդ ընթացքում մարտական հարվածներ են հասցրել, այդ ընթացքում մեզ հաջովղվել է ոչնչացնել որոշ թռչող սարքեր, որոնք դեռ իդենտիֆիկացված չեն, լրացուցիչ կներկայացնենք»,- հայտնեց նա:
Հարցին՝ ինչու է հայկական կողմը հումանիզմ դրսևորում արդբեջանական գերիների նկատմամբ, Արծրուն Հովհաննիսյանն ընդգծեց. «Որովեհտև մենք մարդ ենք և ունենք համապատասխան արժեհամակարգ, մենք բորենիներ չենք»:
Անդրադառնալով Հադրութում տիրող իրավիճակին՝ նա ասաց, որ իրավիճակը չի փոխվել, վերջին 2-3 օրերի ընթացքում իրավիճակը որպես կանոն նույնն է:
Մանրամասները՝ տեսանյութում:










