«Թուրքերը դիվերսանտներ են ուղարկում, բայց մեր լեռները մեզ օգնում են». Коммерсантъ-ը պատմել է՝ ինչպես են ապրում և պատերազմում Արցախում
Ռուսական Коммерсантъ թերթի թղթակից Ալեքսանդր Չորնիխը և նրա լրագրողական թիմը շարունակում են գտնվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: Ելնելով տեղի ունեցող զարգացումներից՝ թղթակիցը եկել է այն եզրահանգման, որ ռազմական գործողությունների արագ ավարտի հեռանկարներ չկան, առավել ևս ԼՂ-ում երկու ժողովուրդների խաղաղ գոյատևումը նախկինի պես մշուշոտ է:
ԼՂ հարավային ուղղությունը շարունակում է մնալ ամենալարվածը: Սակայն ԼՂ-ի կողմից այնտեղ գնալն անհնար է: Մայրուղին հսկող զիվորականները զգուշացնում են՝ «Նույնիսկ մի՛ խցկվեք, չափազանց վտանգավոր է»:
Լրագրողների թիմը ճանապարհին հայտնվում է մի լքված գյուղում, որտեղ շրջում են զինվորական հագուտով, զինված տղամարդիկ միայն: Այստեղից նրանք ուղևորվում են հիվանդանոց, որտեղ մանրակրկիտ հարցաքննվում են: Վերջապես գալիս է հիվանդանոցի գլխավոր բժիշկը: Նրա խոսքով, շատ են վիրավորները խաղաղ բնակիչների շրջանում, տարբեր գյուղերից են, այդ թվում՝ Հադրութից:
«Բուժում ենք տեղում, Վիրավորումները բեկորային են, փամփուշտային չկա: Թշնամին խաղաղ բնակչության դեմ օգտագործում է ձեզ հայտնի բոլոր հեռահար զենքերը: Բոլորը, բացի ատոմային ռումբից»,- ասում է բժիշկը:
Հադրութին մոտ մեկ այլ գյուղում լրագրողներին դիմավորում են տարեց տղամարդիկ՝ եղբայրներ Մանվել և Անուշավան Անուկյաննները: Նրանք պատմում են, որ գյուղում հաճախ են հրթիռներ ընկնում: Տղամարդիկ պատմել են, որ կանանց ու երեխաներին գյուղից ուղարկել են, մնացել են միայն տղամարդիկ: Նրանք ցերեկը քնում են, իսկ գիշերը հսկում գյուղը, որպեսզի կանխեն դիվերսանտների ներթափանցման փորձերը:
«Երեք հոգով կանգնում ենք, չենք շարժվում, չենք շնչում, չենք խոսում: Թուրքերը դիվերսանտների են ուղարկում, բայց մեր լեռները մեզ օգնում են: Մենք այստեղ ամեն ձոր ու կիրճ, քար ու թուփ գիտենք, եթե դիվերսանտներ գան, մեր կողքով չեն կարող աննկատ անցնել, իսկ կրակել մենք դեռ նախորդ պատերազմից ենք սովորել»,-նշում եղբայրներից մեկը:
Բոլորովին մոտակայքում լսվում է պայթյունների շարան:
««Գրադ» է աշխատում, սակայն դա հիմարություն է: Կարևորը, որ այսօր անօդաչուներ չկան, սովորաբար շատ են լինում: Թռչում են, հարվածում երկնքից: Ահա այնտեղ՝ Հադրութի մայրուղում, մի քանի օր առաջ 5-6 մեքենայի հարվածեցին»,- պատմում է Անուշավանը:
Տներից մեկում լրագրողկան թիմին գինի են հյուրասիրում: Մոտենում են նաև մի քանի կամավորներ, նրանց համար նույնպես գինի են լցնում: Բոլորը խմում են 3 օր առաջ ռազմաճակատում զոհված մի երիտասարդի հիշատակի համար: Կամավորներից Արեն անունով մի երիտասարդ ավելացնում է իր բաժակը և, տեսնելով լրագրողի հայացքը, բացատրում է: «Դուք միայն մի մտածեք, որ մենք այստեղ հարբում ենք: Հասկանու՞մ եք, շատ դժվար է ռազմաճակատում, եթե երբեմն չխմես»,- պատմում է կամավորը:










