Սի Ծինփինը «պատերազմի պատրաստվելու» մասին աղմկահարույց հայտարարությամբ ազդակներ է հղել ԱՄՆ-ին. փորձագետ
Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը նախօրեին Չինաստանի Ժողովրդական-ազատագրական բանակի ծովային հետևակի կորպուս այցելության ժամանակ «պատերազմի նախապատրաստության» մասին աղմկահարույց հայտարարությամբ փորձում է ազդել ԱՄՆ-ի վարած քաղաքականության վրա:
EADaily լրատվամիջոցի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահին կից Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ակադեմիայի Հյուսիսարևմտյան կառավարման ինստիտուտի պրոֆեսոր, քաղաքական գիտությունների թեկնածու Նինա Շևչուկը:
Վերջինիս խոսքով՝ Սի Ծինփինի հայտարարությունը պետք չէ ընկալել որպես բացառապես ռազմատենչ, քանի որ Չինաստանի ղեկավարությունը բազմիցս կտրուկ է արձագանքել նույն Թայվանական նեղուցում ամերիկացիների սադրիչ գործողություններին:
«ԱՄՆ-ի հերթական սադրանքը («Տոմահավկ» թևավոր հրթիռներով ամերիկյան էսկադրային ականակիրը նախօրեին հատել է Չինաստանը և Թայվանը բաժանող նեղուցը) միանգամայն սպասելի արձագանք է առաջացրել Պեկինում: Վերաձևակերպելով հայտնի արտահայտությունը՝ իրավիճակը կարելի է նկարագրել այսպես՝ մենք խաղաղություն ենք ուզում, ուստի պատրաստ կլինենք պատերազմի»,- նշել է փորձագետը:
Նա նշել է, որ Պեկինը չի թաքցնում, որ ամերիկյան ականակիրները, որոնք ակտիվորեն տեղակայվում են Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, փորձում են ցուցադրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը: Բնականաբար, դա դուր չի գալիս Չինաստանին։
«Հետևաբար, այդպիսի կոշտ արձագանքը սպասելի էր։ Ավելի վաղ Չինաստանը նախազգուշացրել էր ի պատասխան ամերիկյան ռազմածովային ուժերի գործողությունների հնարավոր անցանկալի միջադեպերի մասին»,- ասել է Շևչուկը՝ ընդգծելով, որ չինական հռետորաբանությունը կարելի է դիտարկել որպես կանխարգելիչ միջոց։
Նրա խոսքով՝ Չինաստանի ղեկավարի խոսքն ուղղված է եղել նաև ամերիկյան ընտրազանգվածին, որը, պետք է ենթադրել, հիմա ամենաքիչը կցանկանար բաց ռազմական հակամարտություն ունենալ որևէ մեկի հետ։
Հիշեցնենք, որ Գուանդու նահանգ կատարած այցի ժամանակ ՉԺՀ ղեկավարը, դիմելով զինծառայողներին, ասել է, որ «այսօր անհրաժեշտ է բոլոր մտքերն ու ուժերը կենտրոնացնել պատերազմին պատրաստվելու և բարձր մարտական պատրաստվածության վիճակի ապահովման ուղղությամբ»:










