«Արցախը Հայաստան է». գերմանահայերը փակել են Համբուրգի նավահանգիստ տանող ճանապարհը (տեսանյութ)

15:52 • 16.10.20

Գերմանիայում տեղի հայերը արդեն 3-4 ժամ է, ինչ մի քանի հարյուր մեքենաներով փակել են Գերմանիայի թիվ մեկ մայրուղին և Համբուրգի նավահանգիստ տանող ճանապարհը:

Նրանք վանկարկում են «Էրդողան, տեռորիստ», «Ալիև, տեռորիստ», «Artsakh is Armenia» (Արցախը Հայաստան է) կարգախոսները:

Ակցիայի մասնակիցը նշում է, որ Թուրքիան զենքեր է ուղարկել Ադրբեջան, այդ զենքերով խաղաղ ժողովրդին են վնասում: «Այսօրվա ակցիայի նպատակն է աշխարհին իրազեկել, որ սա ցեղասպանություն է: Մենք մեկ ազգ և մեկ բռունցք ենք և հաղթելու ենք: Պետք է ապացուցենք, որ մենք կանք ու մեզ ոչնչացնել չի լինի»:

Ակցիայի մյուս մասնակիցը նշում է, որ տեղի հայերը հավաքվել են, որպեսզի աշխարհը ճանաչի Արցախի անկախությունը: Նրանք նշում են, որ չեն հեռանա մինչև Գերմանիայի առաջին ալիքը ուղիղ եթերով չլուսաբանի ակցիան:

«Տարբեր լրատվամիջոցներ լուսաբանել են ակցիան, բայց մինչև Գերմանիայի առաջին ալիքը ուղիղ եթերով չցուցադրի ակցիան, մենք չենք գնալու, պետք է բոլորը տեսնեն: Մենք առաջին քրիստոնյա ազգ ենք եղել և վերջինն ենք լինելու, որ հանձնվենք, բոլորս իրար հետ ենք»,- նշեց ակցիայի մասնակիցը: