Թշնամին իրեն պահում է ահաբեկչական երկրի նման․ խաղաղ բնակչությանը թիրախավորելով՝ փորձում է վախ առաջացնել հայկական կողմում․ Կարեն Հովհաննիսյան

16:37 • 16.10.20

Ադրբեջանը տեղեկություն չի տրամադրում հայ գերիների մասին, սակայն բաց տեղադրում է տեսանյութեր, որտեղ գերիներին գնդակահարում է։ Այդ դաժանությամբ թշնամին փորձում է վախ առաջացնել մեր հասարակության շրջանում։ Հակազդող քայլեր պետք է արվեն մեր կողմից։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։

«Իրականում թշնամին այս ժամանակահատվածում իրեն պահում է ահաբեկչական երկրի նման, այսինքն, սա բնորոշ է ահաբեկչական երկրներին և կազմակերպություններին։ Եվ գերիների մասին տեղեկություն չտրամադրելով, խաղաղ բնակչությանը թիրախավորելով՝ պարզապես փորձում է վախ առաջացնել բնակչության և ընդհանրապես հայկական կողմի շրջանում։ Ռազմի դաշտում արդյունքի չհասնելով՝ փորձում է արդեն այս կերպ ազդել»,- ասաց նա։

Կարեն Հովհաննիսյանի կարծիքով՝ հայկական կողմը պետք է հակազդող քայլեր իրականացնի, մասնավորապես, հասարակությանը ազդակներ հղի, որ պետք չէ տրվել ադրբեջանական սադրանքին․ «Իրականությունն այն չէ, ինչ Ադրբեջանն է ներկայացնում և մենք էլ պետք է աշխատենք այդ ուղղությամբ, պատկան մարմիններն անընդհատ պետք է սրա մասին բարձրաձայնեն, խոսեն։ Հասարակությանը պետք է ազդակներ հղել, որ չտրվեն սադրանքներին»։

Նա նշում է, որ սեպտեմբերի 27-ի հարձակումով թուրք-ադրբեջանական ահաբեկչական ուժերը նպատակ ունեին գրավել ամբողջ Արցախը, սակայն պաշտպանության բանակի գործողությունների շնորհիվ նրանց պլանները ձախողվեցին։

«Այս բանակը կամ խմբավորումը իր առաջ նպատակ էր դրել հաշված ժամերի ընթացքում ամբողջ Արցախը գրավել։ Այսօր պատերազմի 20-րդ օրն է, Ադրբեջանը այդ ամբողջ ուժերով 150 կմ երկարությամբ ռազմաճակատում գոնե 10 կմ չի խորացել, եթե միջին թվով վերցնենք։ Սա խոսում է նրա մասին, որ պաշտպանության բանակը պատվով կատարում է իր առաջադրանքը։ Այնպես չէ, որ մեր բանակն է, դրա համար եմ ասում, պարզապես զուտ փաստերն ենք արձանագրում, որ թուրք-ադրբեջանական ահաբեկչական այդ բանակը չի կարողացել որևէ հաջողության հասնել»,- ասաց նա։

Ռազմական փորձագետի խոսքով՝ այժմ պատերազմի վճռորոշ փուլն է։ Նա վստահ է, որ հայկական կողմի հաջողություններն սկսվելու են այս փուլից հետո։ «Երբ հետևակը սկսեցին մտցնել խաղի մեջ, ուրեմն՝ վճռական փուլ է։ Վստահ եմ, որ հայկական կողմը փոխելու է այս ընթացքը։ Պետք է ասեմ, որ հետևակի հետ կռվելը շատ ավելի դյուրին է։ Այսինքն, սա մեզ համար շատ վճռորոշ է լինելու»,- նշեց նա։

Կարեն Հովհաննիսյանը համոզված է, որ Արցախի հարցը լուծվելու է ոչ թե բանակցային, դիվանագիտական, այլ բացառապես ռազմական ճանապարհով։ Ըստ նրա՝ պատերազմը կավարտվի և խաղաղության պայմանագիր կկնքվի։

«Պատերազմի մեկ օրն էլ շատ թանկ է նստում պետությունների վրա։ Չեմ ուզում շատ փակագծեր բացել, բայց այս պահին մարտավարական հնարքներ ենք բանեցնում և փորձում ենք այդ հնարքներով առավելագույնս քամել ադրբեջանական բանակին։ Բայց միևնույն ժամանակ գալիս է պահը, երբ անհրաժեշտ է կտրուկ միջոցների դիմել։ Օրինակ, Ստեփանակերտը մի քանի օր հարվածելուց հետո, երբ մենք Գանձակին (Գյանջա) հարված հասցրեցինք, մի փոքր դադարեց Ստեփանակերտին այդպես ուժգին կրակի տակ պահելը։ Նմանատիպ կտրուկ գործողությունները ժամանակ առ ժամանակ խիստ անհրաժեշտ են»,- ասաց փորձագետը։