Արցախի ինքնորոշման սկզբունքի երաշխավորումը վճռորոշ է. ԱՊԿ գլխավոր քարտուղարի նամակը՝ Արցախի նախագահին

02:44 • 16.10.20

Ամերիկյան պետությունների կազմակերպության (ԱՊԿ) գլխավոր քարտուղարությունը շարունակելու է հետևել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, քանի դեռ չի երաշխավորվել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին ուղղված նամակում գրել է Ամերիկյան պետությունների կազմակերպության (ԱՊԿ) գլխավոր քարտուղար Լուիս Ալմարգոն, որը նա հրապարակել է թվիթերի իր էջում:

«Ես արդեն երկար տարիներ հետևում եմ Արցախի հակամարտությանը և շարունակելու եմ դա անել այնքան ժամանակ, մինչև երաշխավորված չլինի Արցախի ժողովրդի ինքնորոշման սկզբունքը և չտարվեն նպատակաուղղված բանակցություններ: Ինքնորոշման սկզբունքը տվյալ դեպքում վճռորոշ է, որովհետև դա նշանակում է ձեր ժողովրդի քաղաքացիական և քաղաքական իրավունքների լավագույն երաշխիք, ինչպես նաև նրա անկախությունը և ապրելակերպը պահպանելու միակ միջոց»,- իր նամակում նշել է Ալմարգոն:

ԱՊԿ գլխավոր քարտուղարին խիստ անհանգստացնում է այն փաստը, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի ռազմական հզորության ավելացումը` ագրեսիայի միակողմանի մրցավազք է դարձրել:

«Մենք վերահաստատում ենք մեր կոչը ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման վերաբերյալ, որոնք զինված հակամարտությունների կարգավորման միջազգային նորմերի կոպիտ խախտում են: Դա ինքնին բանակցային գործընթացի սկզբունքների կոպիտ խախտում է:  

Խաղաղությունն ու կայունությունը Արցախում և Կովկասում մեր ընդհանուր շահերն են, ուստի մենք շարունակելու ենք աջակցել բոլոր այն ջանքերին, որոնք հանգեցնում են հակամարտության խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև Արցախում հայերի ինքնորոշման սկզբունքի բացարձակ հարգմանը»,- գրել է Ալմարգոն:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 15-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 20 ինքնաթիռ, 180 անօդաչու թռչող սարք, 546 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 5839 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 604 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 32 քաղաքացիական անձ, վիրավորվել է 106 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։