Ղարաբաղյան ռազմաճակատում թեժ մարտեր են. Le Monde-ի անդրադարձը
«Մութ միջանցքում, որը տանում է դեպի ստորգետնյա հրամանատարական կենտրոն, մարդիկ մռայլ դեմքեր ունեն: Մարտակերտից՝ հյուսիս-արևելյան ճակատից ժամանող սպաները շտապելով նստում են իրենց ընկերների հետ օպերատիվ շտաբում, որտեղ չեն դադարում ռադիոկապի ձայները: Նրանք արագ ցույց են տալիս քարտեզը, որի վրա նշված է թշնամու առավոտյան տեղաշարժը, այնուհետև հանձնարարություններ են տալիս սպաներին, որոնք պետք է փոխարինեն իրենց մարտական դիրքերում»,-գրում է ֆրանսիական Le Monde թերթը, որի ծավալուն հոդվածը թարգմանաբար ներկայացրել է inosmi.ru կայքը:
Հոդվածագիր Ռեմի Ուրդանը նկատում է, որ այդ պահին ռազմաճակատի առաջին գիծը գտնվում է ընդամենը 3 կմ հեռավորության վրա:
«Այդքան մոտիկ և այդքան հեռու: Ավանդական պատերազմում, որը վարում են Հայաստանը և Ադրբեջանը ԼՂ-ի վերահսկողության համար, դա շատ չէ, քանի որ եթե ճակատը ճեղքվի, Մարտակերտը կարող է հանձնվել ընդամենը մեկ օրում: Միևնույն ժամանակ այն հեռու է, քանի որ, ադրբեջանական ուժերին չի հաջողվել վերցնել որևէ կարևոր քաղաք»,-պատմում է հեղինակը:
Նա ընդգծում է, որ թեև երկնքում վերջին ժամերին զգացվում է պայթյունների հոտը, հրամանատարները նահանջելու մասին նույնիսկ չեն մտածում:
Հատուկջոկատային նախկին սպան, որը ծառայության է վերադարձել սեպտեմբերի 27-ից հետո, լրագրողի հետ զրույցում, վստահ ժպիտը դեմքին, նշում է, որ բանակը չի նահանջի:
Հոդվածագիրը նշում է, որ զինվորականները իրենց երկիրը պաշտպանելու համար վճռականորեն են տրամադրված: Նա գրում է, որ Արցախը մարտերում օգտագործում է իր բոլոր ուժերը: Խաղաղ բնակչության մեծամասնությունը տարհանվել է կամ տեղափոխվել է Հայաստան, սակայն բոլոր մարտունակ տղամարդիկ մեկնել են ռազմաճակատ:
Ուրդանը նշում է, որ առավել «բարդ» իրավիճակ է այժմ հարավում՝ Հադրութ քաղաքի մոտակայքում, որտեղ վերջին օրերին ամենաթեժ մարտերն են ընթանում: Ադրբեջանն արդեն 2 անգամ հայտարարել է քաղաքը գրավելու մասին, սակայն դա հերքվել է ԼՂ-ում:
«Մենք կհաղթենք կամ կմեռնենք: Մենք չենք հեռանա և չենք հանձնվի»,- ԼՂ իշխանությունների արտաքին հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանի խոսը մեջբերում է լրագրողը:
«Այս խոսքերն Արցախում ոչ միայն պաշտոնական դիրքորոշում է, որն ամբողջ օրը կրկնում են կառավարությունը և ԶԼՄ-ները, այլև համընդհանուր տրամադրվածություն: Ստեփանակերտում մնացած տղամարդիկ սպասում են ռազմաճակատ մեկնելու իրենց հերթին, որպեսզի փոխարինեն զոհված ընկերներին»,-եզրափակում է լրագրողը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 16-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 21 ինքնաթիռ, 181 անօդաչու թռչող սարք, 552 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 5959 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 633 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 33 քաղաքացիական անձ, վիրավորվել է 106 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։










