ՀՀ օդային տարածքում ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու ԱԹՍ. Շուշան Ստեփանյան

01:44 • 17.10.20

ՀՀ օդային տարածքում ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու ԱԹԱ, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Ավելի վաղ ՊՆ խոսնակը հայտնել էր, որ ՀՀ ԶՈՒ ՀՕՊ համակարգերը ՀՀ օդային տարածքում հակառակորդի ԱԹՍ-ներ են ֆիքսել: Քիչ անց էլ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, ըստ որի՝ ադրբեջանական ԱԹՍ-ները թռիչքներ են իրականացրել ՀՀ Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերի ուղղությամբ ու հարվածներ հասցրել ՀՀ ԶՈՒ և քաղաքացիական տարբեր ենթակառուցվածքների:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 16-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 21 ինքնաթիռ, 181 անօդաչու թռչող սարք, 552 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 5839 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 633 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 33 քաղաքացիական անձ, վիրավորվել է 106 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։