Բելառուսում անցկացված բողոքի ակցիաների ընթացքում 198 մարդ է բերման ենթարկվել
Բելառուսում հոկտեմբերի 18-ին անցկացված բողոքի ակցիաների ընթացքում իրավապահները 198 ցուցարարի են բերման ենթարկել, հաղորդում է ТАСС-ը:
Մայրաքաղաքում Մինսկում կիրակի օրը ընդդիմությունը բողոքի հերթական ակցիան է կազմակերպել «Պարտիզանական երթ» անվամբ:
Մի քանի հազար ցուցարարից բաղկացած երթն անցել է Մինսկի կենտրոնական փողոցներով, որպեսզի գրավի քաղաքում գործող արտադրական խոշոր գործարանների աշխատակիցների ուշադրությունը:
Ոչ այդքան բազմամարդ մի շարք ակցիաներ են անցկացվել Բելառուսի այլ քաղաքներում:
Հիշեցնենք, որ Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների արդյունքում գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այդ պաշտոնում վերընտրվել է 6-րդ անգամ:
Ընդդիմությունը Լուկաշենկոյի հաղթանակը հաստատող պաշտոնական արդյունքները չէին ընդունել և, հայտարարելով ընտրությունների կեղծման վերաբերյալ, անցել էին փողոցային պայքարի, ինչի հետևանքով հազարավոր ցուցարարների և ոստիկանական ուժերի միջև տասնյակ բախումներ են գրանցվել, եղել են նաև զոհեր:
Ալեքսանդր Լուկաշենկոն սեպտեմբերի 23-ին կայացած երդմնակալությամբ պաշտոնապես կրկին ստանձնել է նախագահի լիազորությունները:










