«Ալիևը ցանկանում էր հաղթանակ տանել երկու թուփ գրավելու սկզբունքով, սակայն այդ հնարքը չաշխատեց». Լապշինը վերլուծել է Արցախի դեմ պատերազմ սկսելու Ալիևի դրդապատճառները

01:48 • 19.10.20

Ռուսական և իսրայելական քաղաքացիություն ունեցղ բլոգեր Ալեքսանդր Լապշինը հերթական վերլուծությունն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող հարձակումների պատճառների և արդյունքների վերաբերյալ:

«Գաղտնիք չէ, որ ոգևորվելով թուրք նախագահ Էրդողանի խոստումներով՝ Ալիևը նետվեց մարտի՝ չհաշվարկելով բոլոր տարբերակները: Նախ նա ցանկանում էր փոքր հաղթանակ տանել՝ երկու թուփ գրավելու սկզբունքով և հայտարարել, որ դա առաջին քայլն էր Ղարաբաղն ազատագրելու գործում: Սակայն 2016-ի օրինակով 2 թուփ գրավելու այդ հնարքը չաշխատեց: 2016-ի ապրիլին այդ հնարքը նրան հաջողվեց, և նա ևս 4 տարի մնաց իշխանության գլխին, սակայն հետո եկավ կորոնավիրուսը, նավթի գինն ընկավ: Բացի այդ, միջկլանային ճգնաժամ սկսվեց Բաքվում: Ինչ-որ կերպ պետք էր պայքարել քաղաքական գոյատևման համար»,- գրում է բլոգերը՝ մեկնաբանելով Արցախի դեմ պատերազմ սկսելու Ալիևի դրդապատճառները:

Ինչպես նշում է Լապշինը, ադրբեջանցի ղեկավարը, հավանաբար, նախատեսում էր մի քանի օրում «հաղթանակ տոնել», սակայն մի քանի օրը վերածվեց մի քանի շաբաթի, և նրան «չօգնեցին ո՛չ Էրդողանի ահաբեկիչները Սիրիայից, ո՛չ իսրայելական անօդաչուները»: Ըստ բլոգերի՝ ադրբեջանական բանակում կորուստներն այնպիսի մակարդակի են հասել, որ զոհերի մասին տեղեկությունը գաղտնի է դարձել:

«Ադրբեջանի վարկածով՝ երեքշաբաթյա մարտերի ընթացքում ոչ մի ադրբեջանցի զինվոր չի մահացել, ոչ մի տանկ չի խոցվել, ինքնաթիռ չի ընկել: Խնդիրն այն է, որ Ալիևը վախենում է բացահայտել կորուստները: 6-10 հազար սպանված զինվոր անուն հայտնելն ուղիղ ճանապարհ է պետական հեղաշրջման և Անթալիա փախուստի համար»,- շեշտում է բլոգերը:

«Փակուղում հայտնված Ալիևը կավի նման մի բան է հմուտ քանդակագործի ձեռքում: Եթե ինչ-որ մեկը ցանկանում էր ճնշել Ադրբեջանին և խաղաղ համաձայնագիր պարտադրել Հայաստանի հետ՝ առանց Ղարաբաղի լիակատար վերադարձի, այժմ ճիշտ ժամանակն է: Ալիևը պատերազմը գործնականում պարտվել է և իր հեղինակությունն էլ կորցրել: Իսկ եթե խաղաղության համաձայնի, գուցե և Նոբելյան մրցանակի առաջադրեն: Փոխարենը Հայաստանը կստանա խաղաղության համաձայնագիր, ռուս խաղաղապահների և հարաբերական խաղաղություն առաջիկա տասնամյակի համար»,- ենթադրում է բլոգերը:

Որպես այլ ելք Լապշինը նկարագրում է լիակատար հաղթանակը՝ թույլ չտալով Ադրբեջանին ոչ մի միլիմետր գրավել ղարաբաղյան հողից: «Այդ ժամանակ Ալիևը միանշանակ կընկնի: Արդյո՞ք դա պետք է Հայաստանին: Ալիևը կընկնի, կգա մեկ ուրիշը, որը կխոստանա վերադարձնել Ղարաբաղը և մի քանի տարի անց նոր պատերազմ կսկսի: Ո՞րն է ավելի լավ. թույլ տալ Ալիևին ապրել որպես երկրի ղեկավար և առաջ տանել բանակցությունները, թե՞ ամբողջական հաղթանակ տանել և պետական հեղաշրջում հրահրել Բաքվում»,- եզրաթակում է Լապշինը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 18-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 22 ինքնաթիռ, 186 անօդաչու թռչող սարք, 554 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 6109 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 710 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։