«Կույր մի՛ եղեք». արցախցի կանայք ակցիա իրականացրին ՀՀ-ում ՄԱԿ-ի պատվիրակության գրասենյակի դիմաց՝ պահանջելով համարժեք արձագանք Արցախում թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ագրեսիային (տեսանյութ)
Երևանում ժամանակավորապես ապաստանած արցախցի կանայք ՀՀ-ում ՄԱԿ-ի պատվիրակության գրասենյակից դուրս եկան: Նրանք հայտնեցին, որ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ղեկավարը շենքում չէր և ժամը 17:00 հանդիպում են նախատեսել նրա հետ:
Արցախի բնակիչներ Սիրանույշ Սարգսյանը, Լիանա Ադամյանը հայտնեցին, որ իրենք մնալու են այնտեղ մինչև ժամը 17:00-ն: «Մեր հարազատները նկուղներում, առաջնագծում են, մենք տեղ չունենք գնալու: Մենք ներկայացուցչին տանելու ենք Արցախ, անձամբ պետք է արձանագրեն և ներկայացնեն միջազգային հանրությանը»,-ասացին նրանք և նշեցին, որ հիմա հստակ կներկայացնեն իրենց պահանջը, որտեղ կլինի ակցիայի մասնակիցների ստորագրությունը:
12:15
Երևանում ժամանակավորապես ապաստանած արցախցի կանայք բողոքի ակցիա են անում ՀՀ-ում ՄԱԿ-ի պատվիրակության գրասենյակի դիմաց և շրջափակել էին գրասենյակի ծառայողական մուտքը:
Արցախցիները նշեցին, որ բոլոր միջազգային նորմերը խախտվածեն: Նրանցից մեկը ասաց, որ հենց այսօր գնալու է Ստեփանակերտ և կոչ արեց գրասենյակի աշխատակիցներից մեկին գալ իր հետ, որպեսզի անձամբ տեսնի, թե ինչ է կատարվում Արցախում:
Ակցիայի մասնակիցները բերել էին փաստեր, նյութեր, դիմում և նշում էին, որ ամբողջ գիշեր էլ կսպասեն մինչ որևէ մեկը դուրս գա և լսի իրենց: «Շրջափակելու ենք ինչպես մեր երկիրը, ինչպես տեռորիստներն են շրջափակել մեզ, իրենց բախտը բերել է՝ մենք խաղաղ բնակիչներ ենք: Ինչ-որ կենդանինե՞ր պետք է լինեն անհետացող, որ գնան հետաքրքրվեն, տեսնեն ինչ է լինում էդ կենդանուն, ի՞նչ է մարդը արժեք չունի»,- ասաց արցախցիներից մեկը:
Ի վերջո, ՄԱԿ-ի գրասենյակից տեղեկացրին, որ պատրաստ են ընդունել մի քանիսին և չորս բնակիչ մտավ գրասենյակ հանդիպման:
Հիշեցնենք, որ միջազգային հանրությունից նրանք պահանջում են համարժեք կերպով արձագանքել Արցախում թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ագրեսիային։ Բողոքի ակցիայի մասնակիցները կոչ էին անում չլռել, կույր չձևանալ, նրանք վանկարկում էին՝ «Դուրս եկեք», «մի լռեք», «ճանաչում» և նշում որ մինչև հանդիպում չլինի չեն հեռանալու:
10:58
Երևանում ժամանակավորապես ապաստանած արցախցի կանայք բողոքի ակցիա են անում ՀՀ-ում ՄԱԿ-ի պատվիրակության գրասենյակի դիմաց։ Միջազգային հանրությունից նրանք պահանջում են համարժեք կերպով արձագանքել Արցախում թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ագրեսիային։
Բողոքի ակցիայի մասնակիցները ՄԱԿ-ի պատվիրակությանը կոչ էին անում չլռել, կույր չձևանալ, նրանք վանկարկում էին՝ «Դուրս եկեք», «Մի լռեք», «Ճանաչում»: Նրանք նաև նշում էին, որ մինչև հանդիպում չլինի չեն հեռանալու:
Արցախի բնակիչ Իրինա Սաֆարյանը նշեց որ Արցախում հիմա նույնիսկ ապաստարաններում ապահով չէ: «Չորրորդ շաբաթն է՝ այս պատերազմի, այս տեռորիզմի, որը իրականացվում է Ադրբեջանի և Թուքիայի կողմից և մենք չենք տեսնում միջազգային հանրության ոչ մի արձագանք, ոչ մի խիստ պատիժ այս մղձավաջը կանգնեցնելու համար»,-ասաց նա և նշեց, թե պահանջում են, որ Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցիչը հանդիպի իրենց:
«Մենք ասում ենք այս մարդկանց ցավը ճանաչեն, իրենք չպետք է այստեղ ապրեն, այստեղ աշխատեն, բոլոր նորմերը խախտվում են, բոլոր սկզբունքները ոչնչացրել են, ինչպես կարելի է այսքան մայրերին, երեխաներին անտեսել: Իմ տունը այնպիսի զենքերով է ավերվել, որ աննկարագրելի է, որ ոչ մի տեղ այդպիսի զենք չեն կիրառում, բայց ես էլի գնում եմ Ստեփանակերտ, հերիք է, որքան կարելի է կույր լինել»,- ասաց մեկ այլ արցախցի, ով նաև նշեց, որ ինքը, ուսուցիչ լինելով, չգիտի, թե երեխաներին ոնց է եվրոպական արժեքներ ուսուցանելոու:










