Մակրոնն ուսուցչի դաժան սպանությունից հետո հայտարարել է, որ «իսլամիստները հանգիստ չեն քնի Ֆրանսիայում». լրատվամիջոցներ

12:48 • 19.10.20

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պաշտպանության խորհրդի նիստի ընթացքում հայտարարել է, որ «իսլամիստները հանգիստ չեն քնի Ֆրանսիայում», հայտնում է BFMTV հեռուստաալիքը՝ իր աղբյուրներին հղումով:

Պաշտպանության խորհուրդը նախագահի և կառավարության անդամների մասնակցությամբ նիստն անցկացրել է երեկ երեկոյան՝ երեք օր առաջ Փարիզի դպրոցներից մեկի պատմության ուսուցչի դաժան սպանության հարցով: Սպանությունը տեղի է ունեցել ուրբաթ և ցնցել էր ամբողջ երկիրը, փոխանցում է ria.ru-ն:

Աղբյուրը նշում է նաև, որ երկուշաբթի օրվանից կսկսվեն սոցկայքերում 80 հաղորդագրությունների հեղինակների ստուգումները, ովքեր իրենց աջակցությունն են հայտնել հանցագործին:

Հիշեցնենք, որ ուրբաթ երեկոյան հանցագործը գլխատել էր պատմության ուսուցիչ Սամյուել Փաթիին. վերջինս իր դասաժամին խոսքի ազատության թեման քննարկելիս ցուցադրել է Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները:

Սպանությունը տեղի է ունեցել դպրոցի մոտ Փարիզից ոչ հեռու՝ Կոնֆլան Սընթ Օնորին շրջանում: Նախագահ Մակրոնը տեղի ունեցածն անվանել է ահաբեկչական գործողություն: Ոստիկանները հանցագործին սպանել են հարևան Էրանյա շրջանում: