Հայաստանը` որպես պետություն, ցույց տվեց իր հասունությունը․ պատերազմից հետո շատերը կցանկանան ունենալ նման դաշնակից. Հրաչյա Արզումանյան
Վարչապետը Նիկոլ Փաշինյանը երեկ բավականին խաղաղ ձայնով, առանց զգացմունքայնության հայտարարեց, որ այս փուլում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման համար դիվանագիտական ճանապարհ չկա, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը՝ ասաց քաղաքական գիտությունների դոկտոր, ռազմական և ազգային անվտանգության հարցերով արցախցի փորձագետ, Հրաչյա Արզումանյանը։
«Լինելով ուժային կենտրոնների խիստ ճնշման տակ` նա շատ հանգիստ իրերն իրենց անուններով կոչեց, և ոչ թե մի բառով, որը անվանում են դիվանագիտություն»,- ասաց նա` նկատելով, որ շատ դժվար է դիմանալ եղած ճնշումներին:
Հրաչյա Արզումանյանի խոսքով` Հայաստանն ու նրա բարձրագույն քաղաքական ղեկավարությունը այս օրերին միջազգային կենտրոններին ցույց են տալիս համաձայնության գալու և իրենց ստանձնած պարտավորությունները կատարելու ունակությունը: Նրա դիտարկմամբ` չնայած մենք հիմա միայնակ ենք, բայց պետք է դուրս գանք իրավիճակից և խուճապի չմատնվենք:
«Հայաստանը՝ որպես պետություն, ցույց տվեց իր հասունությունը, և պատերազմից հետո շատերը կցանկանան ունենալ նման դաշնակից, որը գիտի, թե ինչպես պայքարել, իրականացնել ստանձնած պարտավորությունները»,- ասաց նա:
Ըստ նրա` մենք հիմա պարզապես կարիք ունենք ավարտել պատերազմը, հաջորդ անգամ ամեն առումներով մեզ համար անհամեմատ հեշտ է լինելու:
«Մեկ այլ կարևոր կետ ես կցանկանայի նշել, Հայաստանն ու հայ ժողովուրդը պետք է գիտակցեն, որ այլևս չկա Մոսկվայի պայմանագիր: Դա մի քիչ անսպասելի կթվա, բայց եթե մտածեք այդ մասին, դա ակնհայտ կդառնա: Այո՛, Էրդողանը Ռուսաստանին առաջարկում է նոր պայմանագիր կնքել, որն ամրագրում է Կովկասի նկատմամբ նրա իրավունքները, բայց գնացքն, ըստ էության, արդեն մեկնել է, և Կովկասը այլևս չի լինի միայն Ռուսաստանինը կամ Թուրքիայինը»,- ասաց նա:
Հրաչյա Արզումանյանը մատնանշեց պատմությունը, երբ Թուրքիան, գրավելով Կովկասը, ոչնչացրեց Ռուսաստանի հետ խաղաղության և գործընկերության պայմանագիրը: Հիմա էլ, ըստ նրա, մենք պետք է պայքարենք մեր նպատակների և մեզ համար, և այդ պայքարի հաջողությունը նաև բխելու է Ռուսաստանի և նրա ժողովրդի շահերից: «Բայց դա պարզապես զուգադիպություն է, ոչ ավելին»,- ասաց նա:
Հրաչյա Արզումանյանի խոսքով` հիմա պատերազմը երկուսի դեմ է` Հայաստանի և Ռուսաստանի:
«Էրդողանը կփորձի Ռուսաստանին ներքաշել պատերազմի մեջ, վերջին հայտարարությունը` հակամարտության մեջ մտնելու, արդեն բացեիբաց է արվում, և թուրքական զորքերի, ջիհադիստների, խորհրդատուների մասին ուղերձներն էլ ուղղված են ոչ թե Հայաստանին, այլ` Ռուսաստանին,- ասաց նա` հավելելով, որ Թուրքիան արդեն պատերազմի մեջ է մեզ հետ, և դա վիճարկման թեմա չէ,- բայց Հայաստանի և հայ ժողովրդի համար ավելի ընդունելի սցենար է, երբ Ռուսաստանը զերծ է մնում պատերազմում ուղղակիորեն ներգրավվելուց»:
Հռիփսիմե Հովհաննիսյան










