ՀՀ-ն չծնկեց, կանգնեց մինչև վերջ ու դա եղավ քո՛ կյանքի գնով․ Աննա Հակոբյանը հրապարակել է զոհված զինծառայող Ալեն Մարգարյանի լուսանկարը
Դու ժպտացիր, դու պարեցիր, դու կրթվեցիր, աշխարհով մեկ պտտվեցիր, բայց պինդ կանգնեցիր քո երկրի հողին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ հրապարակելով զոհված զինծառայող Ալեն Մարգարյանի լուսանկարը։
«ՀՀ-ն չծնկեց, կանգնեց մինչեւ վերջ ու դա եղավ քո՛ շնորհիվ։
Դո՛ւ կանգնեցիր մինչեւ վերջ։
Դու ժպտացիր, դու պարեցիր, դու կրթվեցիր, աշխարհով մեկ պտտվեցիր, բայց պինդ կանգնեցիր քո երկրի հողին։
Դո՛ւ չընկրկեցիր թշնամու սարսափազդու զենքերի առաջ։ Դո՛ւ չհավատացիր թուլամորթներին ու չսասանվեցիր դավաճանների հարվածներից։
ՀՀ-ն չծնկեց, կանգնեց մինչեւ վերջ ու դա եղավ քո՛ կյանքի գնով, Ալեն։
Մենք քեզ հաղթանակած, հզոր, արդար, ծաղկուն հայրենիք ենք պարտք»,- գրել է Հակոբյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Հոկտեմբերի 21-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 23 ինքնաթիռ, 202 անօդաչու թռչող սարք, 580 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: Հակառակորդն ունի ավելի քան 6459 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 834 զոհ։
Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։










