Թշնամու դեմ արդյունավետ պայքար մղելու և հաղթանակի հասնելու ցանկությունը կարող ենք կյանքի կոչել միասնական ջանքերի շնորհիվ․ Արցախի նախագահ
Ամեն անգամ առաջնագծից վերադառնում եմ նոր ու թարմացված ուժերով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Մեր տղաների մարտական ոգին ու տրամադրվածությունը հաղթանակի հանդեպ միայն մեծ վստահություն է ներշնչում: Արհեստավարժ զինվորականների, ժամկետայինների և աշխարհազորի սերտ փոխգործակցված աշխատանքն ու կողք-կողքի ճիշտ գործելու ունակությունն ամեն օր արտահայտվում են նոր սխրանքներով:
Եվ այսօր շատ կարևոր է, որպեսզի նրանց ոգևորությունն ու վճռականությունը վարակիչ դառնան նաև թիկունքում գտնվողների համար: Թշնամու դեմ արդյունավետ պայքար մղելու և հաղթանակի հասնելու բոլորիս հավաքական ցանկությունը կարող ենք կյանքի կոչել մեր ուժերի նկատմամբ անվերապահ հավատի ու միասնական ջանքերի շնորհիվ»,- գրել է նա։
Ավելի վաղ Արցախի նախագահն առաջնագծից տեսաուղերձով դիմել էր ժովովրդին։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Հոկտեմբերի 21-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 23 ինքնաթիռ, 202 անօդաչու թռչող սարք, 580 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: Հակառակորդն ունի ավելի քան 6459 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 834 զոհ։
Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։










