«Ինձ կսպանեն». Սաուդյան Արաբիայի թագաժառանգն ասել է՝ ինչու չի կարող կարգավորել հարաբերություններն Իսրայելի հետ. Haaretz

18:05 • 22.10.20

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամեդ բին Սալմանը հրեական արմատներով ամերիկացի միլիարդատեր Հայիմ Սաբանին հայտել է՝ ինչու չի կարող կարգավորել հարաբերություններն Իսրայելի հետ՝ այդ հարցում հետևելով Պարսից ծոցի մյուս երկրների՝ Բահրեյնի և Արաբական Միացյալ Էմիրությունների օրինակին, գրում է haaretz.com կայքը։ 

Արաբական ամենախոշոր միապետության թագաժառանգը նշել է պատճառը, ըստ որի՝ Էր Ռիադի նման քայլը կհանգեցնի «Իրանի, Կատարի և սեփական ժողովրդի կողմից իր սպանության»։ 

Սաբանի խոսքով՝  Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ զրույցը տեղի է ունեցել անցած չորեքշաբթի՝ «Իսրայելի անվտանգությունն ու բարեկեցությունը Բայդենի Սպիտակ տանը» խորագրով առցանց միջոցառման ժամանակ:

Իսրայելի արտաքին հետախուզության ծառայության («Մոսադ») տնօրեն Յոսի Քոենը անցյալ շաբաթ հույս էր հայտնել, որ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում առավել շատ արաբական երկրներ պաշտոնական հարաբերություններ կստեղծեն Իսրայելի հետ: Իսրայելական Kan 11 News հեռուստաալիքին տված բացառիկ հարցազրույցում Մոսադի ղեկավարը նշել էր, որ իրենք «կապեր են հաստատում տարածաշրջանում և դրանից դուրս գտնվող շատ երկրների՝ այդ թվում Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հետ» և հույս է հայտնել, որ այս ուղղությամբ ներդրված ջանքերը շուտով կտան իրենց պտուղները։