Պատերազմ Կովկասում. ի՞նչ է տեղի ունենում առանց ԱՄՆ-ի. The Hill
Ամերիկյան The Hill պարբերականում հրապարակված հոդվածի հեղինակ Սթիվեն Բլանկը դժգոհում է, որ ԱՄՆ-ն հեռանում է Մերձավոր Արևելքից, իսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև ներկայիս հակամարտությունում ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ ԵՄ-ն ընդհանրապես չկան, ինչի հետևանքով միջնորդի դերն անցել է Ռուսաստանին:
«Այսօր Լեռնային Ղարաբաղի պատճառով Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի արձագանքը տարածվում է Կովկասյան լեռներից այն կողմ: Այն պարզ ցույց է տալիս՝ ինչ է տեղի ունենում, երբ Վաշինգտոնը հրաժարվում է իր դիվանագիտական հեղինակությունից և հնարավորություններից, ինչպես դա եղավ Կովկասում: ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ-ի՝ իր դիրքից օգտվելու ցանկության բացակայությունը և անպատրաստվածությունը մոտեցրին այս պատերազմը»,-գրում է հեղինակը:
Հեղինակը նշում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կոչ է անում բոլորին դադարեցնել ռազմական գործողությունները, իսկ պետքարտուղար Մայք Պոմպեոն «շատ անհաջող» հայտարարել է.«Մենք հույս ունենք, որ հայերը կկարողանան պաշտպանվել այն ամենից, ինչ անում են ադրբեջանցիները», ինչից հետո քննադատել է թուրքական աջակցությունն Ադրբեջանին: Ակնհայտ է, որ դա ԱՄՆ-ի դեմ է տրամադրել երկու կողմերին, կարծում է Բլանկը:
«Թուրքիան օգնում է Ադրբեջանին, անօդաչուներ է նրան վաճառում, ենթադրաբար այնտեղ է ուղարկում գրոհայիններ, իսկ այժմ էլ մասնակցի դեր է պահանջում է խաղաղ գործընթացում: Այսինքն, նա ազդեցության միջավայր է ստեղծում Կովկասում: Դա կսրացնի լարվածությունը Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններում, կամ կհանգեցնի գործարքի կնքման, որն ավելի շատ կհեռացնի Անկարային ՆԱՏՕ-ում իր դաշնակիցներից, հատկապես Սև ծովի շրջանում»,-գրում է Բլանկը:
Հեղինակի խոսքով՝ ԼՂ-ում պատերազմն անհրաժեշտությունից դրդված չէր: Շատ փորձագետներ նախազգուշացնում էին, որ սա փակուղի է և դրան՝ Արևմուտքի մասնակցությունից հրաժարվելը կողմերին դրդել է անցնել ակտիվ գործողությունների:
«Անհրաժեշտ է գիտակցել այդ փաստը, ընդ որում՝ որքան հնարավոր է արագ: Հակառակ դեպքում, հաջորդ ճգնաժամը ԱՄՆ-ի և Եվրոպայի համար ավելի թանկ կարժենա, իսկ այս և հաջորդ պատերազմների համար ստիպված կլինի վճարել տեղի բնակչությունը»,-եզրափակել է հեղինակը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 21-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 23 ինքնաթիռ, 202 անօդաչու թռչող սարք, 580 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 6459 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 834 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։










