Զատուլինը ԼՂ խնդրի համատեքստում «դեսանտային գործողություն իրականացնելու» մասին իր հայտարարության շուրջ պարզաբանումներ է տվել

17:44 • 22.10.20

ՌԴ պետդումայի՝ ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման և համերկրացիների հետ կապերի հարցով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը «Պետդումայում չեն բացառել դեսանտային գործողության իրականացումը Ղարաբաղում» վերտառությամբ նյութում  իր հնչեցրած տեսակետի հետ կապված թյուրիմացություններից խուսափելու համար որոշակի պարզաբանումներ է տվել, գրում է lazarevsky.club կայքը։

«Լրագրողի հետ զրույցում ես մի քանի անգամ ընդգծել եմ, որ խոսքը կարող է լինել ոչ թե Ղարաբաղի տարածքում, այլ ՀՀ-ում մեր ռազմական ներկայության ուժեղացման և Կովկասում ընդլայնվող և Թուրքիային ավելի շատ ընդգրկող պատերազմի ֆոնին դրա համար անհրաժեշտ գործողությունների անցկացման մասին:

Շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ աննորմալ է դրությունը, որի պարագայում Հայաստանի շուրջ օդային տարածքի արգելափակման պատճառով Գյումրիում մեր ռազմակայանը դառնում է ՀՀ-ի շրջափակման գերին:

ՌԴ-ն նախագահ Վլադիմիր Պուտինի շուրթերով արդեն արտահայտվել է այն առնչությամբ, որ Ռուսաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ Հայաստանի նկատմամբ կատարել է և շարունակելու է կատարել իր դաշնակցային պարտավորությունները։ Անկասկած, մեր դաշնակցի անվտանգության ամրապնդմանն ուղղված հավելյալ միջոցառումներին դիմել-չդիմելու հարցը (իմ տեղեկություններով՝ նման դիմում չի եղել) կարող է լինել նրա դիմումին արձագանքի կամ էլ Գերագույն-գլխավոր հրամանատարի և Պաշտպանության նախարարության որոշման հետևանք։

Որպես փորձագետ գտնում եմ, որ տարածաշրջանում ռուսական ռազմական ներկայության ամրապնդման պես քայլը իրավիճակի ոչ բարենպաստ զարգացման դեպքում չի կարող բացառվել»,- եզրափակել է Զատուլինը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը,  Զատուլինը «Լուրերի ազգային ծառայության» հետ զրույցում թվարկել էր Լեռնային Ղարաբաղում իրավիճակի զարգացման վերաբերյալ Ռուսաստանի արձագանքի տարբերակները:

Զատուլինի խոսքով՝ հենց Ադրբեջանը և Թուրքիան են խաթարել խաղաղությունը տարածաշրջանում, որպեսզի հասնեն ռազմական ռևանշի, այդ պատճառով նրանց պետք է հիշեցնել՝ որ պետությունն է առաջատար հետխորհրդային տարածքում:

Խորհրդարանականը խոստովանել է, որ վստահ չէ՝ ինչպես պետք է վարվի Մոսկվան, սակայն նշել է մի քանի ենթադրյալ տարբերակներ, որոնց թվում է դեսանտային գործողությունը Հայաստանում:

«Հայաստանի ռազմական ներուժի ցուցադրական ուժեղացման ձևով: ՀԱՊԿ-ին դիմելու ձևաչափով՝ հայկական, ոչ ԼՂ-ի, հայկական տարածքի պաշտպանության համար միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության պատճառով: Բացելով օդային շրջափակումը: Եթե անհրաժեշտ լինի, մենք պետք է հստակ բացատրենք Վրաստանին, որ անհրաժեշտության դեպքում նա պետք է հանգիստ ընդունի, որ իր օդային տարածքով պետք է ուժեր և միջոցներ ուղարկվեն Հայաստան: Սա պարտադրված որոշում է, քանի որ խոսքը Կովկասում գրոհայինների տարածման մասին է, որից կտուժեն և՛ Ռուսաստանը, և՛ Վրաստանը, և՛ մյուս բոլորը: Սպառնալիք է առաջանում հայ բնակչության մեծ զանգվածների համար, որը պատմականորեն հիշում է ցեղասպանությունն այդ շրջանում: Մենք պետք է միջոցներ ձեռնարկենք»,- ասել է Զատուլինը:

Նա նաև համաձայնվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն կարծիքի հետ, որ հակամարտությունը դեռևս չունի դիվանագիտական լուծում՝ Ադրբեջանի գործողությունների պատճառով: Զատուլինը ափսոսանքով է նշել, որ բանակցային գործընթացը փաստացի առաջ չի գնում՝ չնայած Ռուսաստանի բոլոր ջանքերին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Հոկտեմբերի 21-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 23 ինքնաթիռ, 202 անօդաչու թռչող սարք, 580 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: Հակառակորդն ունի ավելի քան 6459 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 874 զոհ։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։